HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է». Արցախի ՄԻՊ

Քաղաքացիական բնակչությունը մասսայական թիրախ է դարձել ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Դրա հետևանքով այսօրվա դրությամբ քաղաքացիական բնակչությունից եղել է 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր։ Վիրավորներից 42-ը զգալի վիրավորում է ստացել։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը։

Բեգլարյանը տեղեկացրեց, որ այսօր Մարտունիում տեղի  ունեցած հրետակածությունը թիրախավորել է քաղաքացիական օբյեկտները, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 11 քաղաքացիական բնակչություն։

Մինչ օրս բնակչության կազմում զոհերի մի մասը եղել է հրետակոծության հետևանքով, մասնավորապես՝ Մարտունիում, իսկ Մարտակերտի զոհերը եղել են ռմբահարման հետևանքով։ «Շատ կարևոր փաստ՝ սեպտեմբերի 27-ին Հադրութում տարեց կինը իր բնակարանում սպանվել է ինքնասպան անօդաչու թռչող սարքի հարվածից։ Դրանից ենթադրվում է, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է։ Քանի որ եթե հրետանու պարագայում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն կա, ապա հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար այստեղ սխալվելու հավանականություն գրեթե չկա»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը միջազգային իրավունքի խախտում է։ 

Ըստ նրա՝ քաղաքացիական բնակչությունից սպանվածների և վիրավորների մեջ մեծ տեղ են զբաղեցնում տարեցները։ 

31 տուժածներից 23-ը վիրավորվել է բնակության վայրում, այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերը նախազգուշական միջոցներ չեն կիրառել, անակնկալ հարվածներով թիրախավորել են քաղաքացիական բակչությանը։

Այս օրերին վնասվել են դպրոցներ, բնակելի տներ և բնակարաններ, քաղաքացիական օբյեկտներ, ավտոմեքենաներ, ճանապարհներ, գազատարներ, էլեկտրացանցեր։ Ճանապարհները հրետակոծության ժամանակ առանձնակի ուշադրության տակ են եղել, քանի որ մարտական գործողությունների ժամանակ մարդիկ փորձում են տեղափոխվել ապահով այլ վայրեր։ Այդ իսկ պատճառով որոշ վիրավորներ հենց ճանապարհներին են եղել։

ՄԻՊ-ն անդադարձավ նաև ադրբեջանական կողմի օգտագործած զինատեսակներին։ Ասաց՝ արձանագրել են, որ ադրբեջանական կողմը օգտագործել է կասետային բնույթի որոշ զինատեսակներ՝ հրթիռներ, ռումբեր, որոնք միջազգային իրավունքով արգելված են, հատկապես քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների հանդեպ։ Որոշ դեպքերում վիրավորումները եղել են կասետային զենքերից, որոշ դեպքերում դրանք չեն պայթել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter