HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արարատ-Արմենիան» կրկին չկարողացավ Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալ

Եվրոպա լիգայում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ հաղթահարել փլեյ-օֆ փուլի արգելքը և խմբային փուլի ուղեգիր նվաճել: Հայկական թիմը 1:2 հաշվով պարտություն կրեց սերբական «Ցրվենա Զվեզդայից» և դուրս մնաց պայքարից: Խաղը տեղի ունեցավ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում:

Թեպետ հանդիպման ընթացքում թիմերից և ոչ մեկը տարածքային առավելություն չուներ մյուսի նկատմամբ, սակայն Սերբիայի չեմպիոնը ուներ ակնհայտ խաղային առավելություն, և դա դրսևորվում էր մեր թիմի դարպասին բազմաթիվ վտանգավոր պահերով:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջին րոպեին: «Ցրվենա Զվեզդայի» կիսապաշտպան Ալեքսանդր Կատաին, շրջանցելով «Արարատ-Արմենիայի» մի քանի պաշտպանների, գնդակն ուղարկեց Հայաստանի չեմպիոնի դարպասը: 60-րդ րոպեին սերբական թիմը կարողացավ կրկնապատկել իր առավելությունը, գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Դիեգո Ֆալչինելին: 

Չնայած «Ցրվենա Զվեզդայի» երկու գնդակի առավելությանը՝ «Արարատ-Արմենիան» մտադիր չէր հանձնվել: 72-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը կրճատեց հաշվի տարբերությունը: Փոխարինման մտած Յուսուֆ Օտուբանջոն մեն-մենակ մնաց դարապասապահի դեմ, նրա հարվածից հետո հետ մղված գնդակը դարպասն ուղարկեց Մաիլսոն Լիման: Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիայի» ջանքերը՝ մնացած ժամանակահատվածում փրկել խաղը, ապարդյուն անցան, և հանդիպումը հենց այդ հաշվով էլ ավարտվեց՝ 2:1:

Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսված էր խաղն անցկացնել Երևանում՝ Ավանի ակադեմիայի մարզադաշտում, սակայն սեպտեմբերի 27-ից սկսած հայ-ադրբեջանական պատերազմով պայմանավորված՝ ՈՒԵՖԱ-ն որոշեց խաղը տեղափոխել չեզոք երկիր՝ Կիպրոս:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթային մրցաշարերում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 0:1 հաշվով պարտվեց Կիպրոսը ներկայացնող «Օմոնիային»: ՉԼ-ից դուրս մնալուց հետո Հայաստանի չեմպիոնը հայտնվեց Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ էլ սեպտեմբերի 17-ին 4:3 հաշվով առավելության հասավ լյուքսեմբուրգյան «Ֆոլա Էշի» նկատմամբ: Երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 24-ին պայքարից դուրս թողեց սլովենական «Ցելյեին» և դուրս եկավ փլեյ-օֆ փուլ, որտեղ էլ այսօր, ինչպես արդեն նշեցինք, պարտություն կրեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայից»:

2019 թվականին ևս «Արարատ-Արմենիան» կարողացել էր Եվրոպա լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆ հասնել, սակայն նախորդ տարի էլ ճանապարհը զիջել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter