HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ․ «Ներկա պայմաններում տարածաշրջանում խաղաղության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է»

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում:

Ըստ բազմաթիվ տվյալների, այդ թվում` տարբեր անկախ աղբյուրներից ստացված, Թուրքիան Մերձավոր Արևելքի երկրներում հավաքագրել է մի քանի հազար օտարերկրյա զինյալներ ու վարձկաններ և իր տարածքով նրանց տեղափոխում է Ադրբեջան` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար:

Նրանցից ոմանք արդեն հասցրել են իրենց բացահայտել Արցախի Պաշտպանության բանակի դեմ մարտերում և կրել կորուստներ: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիրառվող մեթոդները, որոնք բնորոշ են վտարյալ պետություններին, լուրջ սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և, ընդհանրապես, միջազգային աշխարհակարգի համար:

Տեղին ենք համարում վերստին հիշեցնել, որ Ադրբեջանը 1991-1994 թթ. պատերազմի ընթացքում նույնպես դիմել է օտարերկրյա զինյալների և վարձկանների օգնությանը: Սակայն այս քայլը Ադրբեջանին չօգնեց խուսափել ռազմական պարտությունից: Օտարերկրյա զինյալներին և վարձկաններին հակամարտության գոտում ներգրավելը դարձել է հիմնական գործոն՝ Ադրբեջանին վերածելու 1990-ական թթ. կեսերին և վերջին դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երկիր, ինչպես նաև ահաբեկիչների համար փոխաբեռնման կետ, որտեղ իրականացվում էր նրանց ահաբեկչական գործունեության կազմակերպումն ու սուբսիդավորումը:

Այս սցենարի կրկնությունից խուսափելու համար միջազգային հանրությունն արդեն այս պահին պետք է վճռական քայլեր ձեռնարկի: Այս առումով հարկ է նշել, որ օտարերկրյա զինյալների և վարձկանների օգտագործումը, հավաքագրումը, ֆինանսավորումը, պաշտպանությունը և վերապատրաստումը արգելվում են բազմաթիվ միջազգային իրավական նորմերով, որոնք պարտադիր են, այդ թվում` Ադրբեջանի և Թուրքիայի համար: Ավելին՝ գիտակցելով օտարերկրյա զինյալների և վարձկանների գործունեության դեմ հավաքական պայքարի կարևորությունը` միջազգային հանրությունը պետություններին պարտավորեցնում է կանխել և կասեցնել նման պրակտիկան:

Արհամարհելով միջազգային համակեցության տարրական կանոնները, դիտավորյալ և սիստեմատիկ կերպով խախտելով իրենց ստանձնած պարտավորությունները, իրենց արտաքին քաղաքականության մեջ վարելով հանցավոր գիծ՝ Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն բացահայտորեն հակադրվում են ողջ համաշխարհային հանրությանը, այլև ուղղակիորեն սպառնում են նրա անվտանգությանը:

Վերստին ընդգծում ենք, որ ներկա պայմաններում, երբ միջազգային հանրության կողմից խաղաղության կոչերը ոչ միայն մերժվում են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից ենթարկվում են կոշտ քննադատության, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter