HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի վարչական շրջանները՝ հանուն ռազմաճակատի

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններից հետո Հայաստանի ողջ տարածքում սկսվել է սննդի, առաջին բուժօգնության պարագաների, դեղորայքի հավաքագրում։ Տարբեր կամավորներ, սեփական նախաձեռնությամբ, սկսել են առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքել։

Սեպտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կոնտակտային տվյալներ՝ ըստ վարչական շրջանների, որոնք կարող են կազմակերպել Արցախին օգնելու գործընթացը։

Ըստ հայտարարության՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում կան առանձնացված պահեստներ, որտեղ հավաքագրվում է մարդկանց ուղարկած օգնությունը։

Վարչական շրջաններում այդ գործընթացը համակարգող աշխատակիցները լրացնում են տեղեկագրեր, որում նշվում են օգնություն բերող կազմակերպության կամ անձի տվյալները, ծանրոցում առկա ապրանքի տեսակը։ Ապրանքների հավաքագրումն ու տեսակավորումը ևս կատարում են վարչական շրջանների աշխատակիցները։

«Էրեբունի» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Ստելլա Ավագյանը մեզ պատմում է, որ երեկվանից սահման ուղարկվող օգնությունը դասակարգվում, արկղերով առանձնացվում է վարչական շրջանի թիվ 3 Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։

Տարբեր կազմակերպություններ ու անհատներ բերում են առաջին անհրաժեշտության պարագաներ, չփչացող սնունդ, դեղորայք, հագուստ:

Ստելլա Ավագյանը նկատում է, որ օգնություն բերողները հիմնականում անհատներն են, ոչ թե կազմակերպությունները։

«Նորք Մարաշ» վարչական շրջանում Արցախ ուղարկվող օգնությունը հավաքագրվում է վարչական շրջանի շենքին կից մանկապարտեզի դահլիճում։ Վարչական շրջանի սոցիալական բաժնի պետ ժաննա Խաչատրյանը նշում է, որ երեկվանից մարդկանց հոսքը չի դադարում, հիմնականում մարդիկ զանգահարում են, տեղեկանում, թե ինչի կարիք կա։ Առաջարկում են նաև կամավորական օգնություն՝ ապրանքը տեսակավորելու, տեղափոխելու գործում։

«Երեկ մի տատիկ էր եկել, ասում էր ի՞նչ է պետք, ասեք, կանեմ, ինչով օգնեմ, պետք ա՞, դռան մոտ նստեմ, եկողներին դիմավորեմ, էնքան հետաքրքիր է, որ էս կարգի համախմբվել ենք»,- նշում է սոցիալական բաժնի պետը։

Կենտրոնի պահեստը գտնվում է վարչական շրջանի շենքում։ Լրատվության բաժնի աշխատակից Շողակաթ Գալստյանը պատմում է, որ ամենից շատ տպավորվում են, երբ օգնությունից բացի՝ ծանրոցներում լինում են նաև քաջալերանքի խոսքերով երկտողեր, նամակներ՝ զինվորներին ուղղված։

Շողակաթը նշում է, որ երեկ միջին տարիքի մի տղամարդ էր եկել ու խնդրել, որ իրեն էլ ուղարկեն սահման, քանի որ որպես կամավոր չեն տանում։

«Տղաներ են գալիս, առաջարկում են կամավորության սկզբունքով օգնել, բեռները տեղափոխել, լցնել մեքենաների մեջ, հասկանում ես, որ բոլորը համախմբվել ու ուզում են ինչ-որ բան անել, ասում են՝ դե չեն տանում մեզ սահման, գոնե ուզում ենք էստեղ մի բանով օգտակար լինել»,-ասում է նա։

«Արաբկիր» վարչական շրջանի լրատվության բաժնի պատասխանատու Աստղիկ Աբրահամյանն ասում է, որ առաջնագիծ ուղարկվող օգնության մեջ ամենաշատ անհրաժեշտ ապրանքներից են ծխախոտը, հիգիենայի ու առաջին բուժօգնության պարագաները։

Աստղիկը հիշեց մի դեպք, որը հուզել էր իրեն. «Կարմիր Խաչ» կազմակերպության կողմից օգնություն ստացող շահառուներից մեկը, իմանալով, որ օգնություն է ուղարկվում Արցախ, իր բաժին պարենը բերել ու խնդրել է, որ ուղարկեն Արցախ։

Չնայած որ յուրաքանչյուր վարչական շրջանում առանձին հավաքագրվում է սահման ուղարկվող օգնությունը՝ միևնույն է, քաղաքի տարբեր անկյուններում կարելի է տեսնել կամավորականների, որոնք սեփական նախաձեռնությամբ առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքում։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ Երևանի քաղաքապետարանը վերահսկում է միայն այն օժանդակությունը, որը կազմակերպվում է վարչական շրջանների կողմից։ Այլ հավաքագրումների հետ քաղաքապետարանը կապ չունի և չի վերահսկում։

Դրանք վերահսկող մարմինն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter