HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սիրիացի վարձկանների հավաքագրման և տեղափոխման գործընթացը Լեռնային Ղարաբաղ. Новая газета-ն նոր փաստեր է հրապարակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ուղղակիորեն Թուրքիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղ սիրիացի ջիհադիստներին ուղարկելու մեջ։ «Հիմա մենք ունենք տեղեկատվություն այն մասին, որ ջիհադիստական խմբերի սիրիացի գրոհայինները Գազիանթեփի միջոցով մեկնել են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների դաշտ։ Սա շատ լուրջ փաստ է, որը փոխում է իրավիճակը»,- հայտարարել էր Մակրոնը։

Զուգահեռաբար մերձավորարևելյան սոցիալական կայքերն արդեն մի քանի օր է տարածում են այս թեմայով նորություններ։ Ընդ որում, մուսուլմանական պահպանողական լսարանը լիակատար աջակցություն է ցուցաբերում Էրդողանի գործողություններին՝ զուգահեռներ անցկացնելով անցյալում քրիստոնյաների և մուսուլմանների միջև տեղի ունեցած բախումների և պատերազմների հետ, ընդհուպ մինչև խաչակրաց արշավանքներ։ Ռուսական Новая газета պարբերականին հաջողվել է պարզել գրոհայիններին հավաքագրելու և Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մանրամասները։

Պարբերականի սիրիական Իդլիբ քաղաքի աղբյուրը, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, պատմել է, որ վարձկանների գրանցմամբ զբաղվում է թուրքմենական (թուրքոման) ծագում ունեցող սիրիացի Սեիֆ Աբու Բաքրը։ Փաստացի, նա «Համզաթ» բրիգադի հավաքագրողներից է, որը կռվում է Սիրիական ազատ բանակի կազմում (խմբավորումը վայելում է Թուրքիայի հովանավորությունը)։ Նոր պատերազմին մասնակցել ցանկացողներին գրանցում են Աֆրին քաղաքի փոքր գրասենյակներից մեկում։

Կամավորագրվել կարող է Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է կռվել Թուրքիայի անունից։ Новая газета-ի աղբյուրի խոսքերով՝ ներկայումս 700-1000 գրոհայիններ արդեն իսկ ուղարկվել են Ադրբեջան՝ գազատարների և նավթամուղների պահպանությամբ զբաղվելու համար։ Գրոհայինները բաժանվում են 300 հոգանոց խմբերի, այնուհետ նրանց ուղարկում են Թուրքիայի սահմանային Քիլիս քաղաք։ Այնտեղ գրոհայիններից վերցնում են զինվորական արտահագուստը և տալիս քաղաքացիական հագուստ։ Հագուստը փոխելուց հետո՝ գրոհայիններին տանում են Գազիանթեփի օդանավակայան, որտեղից մեկնում են Ստամբուլ, իսկ այնտեղից էլ Բաքու։ Թռիչքը տեղի է ունենում Վրաստանի օդային տարածքով։

Պարբերականի աղբյուրը հավելել է, որ Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի, որն ընտրում է վարձկանի ճանապարհը, գտնվում է խիստ ծանր կենսապայմաններում։ Նրանց մեծ մասը բազմիցս տեղափոխվել են Սիրիայի մի բնակավայրից մյուսը և հնարավորություն չունեն աշխատելու բավարար գումար՝ իրենց ընտանիքներին պահելու համար։ Վարձկանների մեծ մասը գյուղաբնակներ են, որոնք մինչև սիրիական պատերազմը, երբեք զենք չեն բռնել։

Новая газета-ի աղբյուրը հիշատակել է Սամարղանդի և «Նուրեդին Զինքի» բրիգադները։ Գրոհայիններից շատերի համար Սիրիան լքելու գլխավոր գործոններից մեկը դարձել է «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման հետ բախումները։ Վերջինս փորձել է չեզոքացնել Իդլիբի նահանգի մրցակից մյուս խմբավորումներին։ Հիշեցնենք, որ Իդլիբի նահանգը Սիրիայի միակ վարչատարածքային միավորն է, որը չի գտնվում նախագահ Բաշար Ասադի հսկողության տակ։

Թուրքերը վարձկանի աշխատանքը սարքում են բավականին գրավիչ։ Վարձկանի ամսական աշխատավարձը կազմում է 1800 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, գրոհայինի և նրա ողջ ընտանիքի համար երաշխավորվում է թուրքական քաղաքացիություն։ Ընդ որում, ընտանիքը (կինն ու երեխաները, իսկ չամուսնացածների պարագայում՝ ծնողները, եղբայրներն ու քույրերը), անգամ գրոհայինի մահվան պարագայում, կստանա թուրքական քաղաքացիություն։ Բացի այդ, նշվում է, որ գրոհայինի մահվան պարագայում, նրա ընտանիքը միանվագ կստանա 30 հազար ԱՄՆ դոլար։

Լուսանկարը՝ AFP PHOTO / OZAN KOSE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter