Էմանուել Մակրոն. «Ավելի քան 300 իսլամիստ գրոհային Թուրքիայի տարածքով ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ»
Ավելի քան 300 իսլամիստ գրոհային Գազիանթեփի օդանավակայանով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ։ Մակրոնը նշել է, որ դա ապացուցված փաստ է, և Ռուսաստանը ևս ունի նման տեղեկատվություն։
Նա հավելել է, որ Ֆրանսիան, Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի մասով, կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ և նրանց հետ միասին նախատեսում է հանդես գալ խաղաղարար նախաձեռնություններով։
«Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի գրոհային- ծայրահեղականներ, որոնք ավելի վաղ դուրս են բերվել Հալեպի շրջանից, Գազիանթեփի օդանավակայանով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Սա ապացուցված փաստ է, ճշտվել է այդ անձանց ինքնությունը։ Բացի դա՝ այդ մարդիկ եղել են հետախույզների ուշադրության կենտրոնում և հաստատվել է, որ նրանք բոլորը կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Ես սա քննարկել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդպիսի տվյալներ»,- նշել է Մակրոնը։
Մակրոնը հավելել է, որ Թուրքիայի վարքագիծը ՆԱՏՕ-ի անդամ երկրին վայել չէ։ Ըստ նրա՝ Ֆրանսիան այդպիսի գործողությունները անընդունելի է համարում։ Վերջում Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Թուրքիան հատել է կարմիր գիծը։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել