HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախի  պետնախարար․ «Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում»

Արցախի օպերատիվ շտաբն ու կառավարությունը ստեղծել են վնասների գնահատման հանձնաժողով։ Հոկտեմբերի 3-ից կսկսվեն խաղաղ բնակչության շրջանում բնակելի տների, շենքերի և այլ օբյեկտների վերանորոգման աշխատանքները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը։

Անդրադառնալով Արցախին ցուցաբերվող անհրաժեշտ պարագաների և ֆինանսական աջակցությանը՝ Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն դոլարը եւ աճի միտում ունի։

Ֆինանսական օգնությունը հավաքագրվում է և՛Արցախի ֆինանսների նախարարության, և՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։

Արցախի պետնախարարը տեղեկացրեց, որ վաղվանից կգործարկվի թեժ գիծ, որը կզբաղվի Արցախից դեպի Հայաստան քաղաքացիների ելքի և մուտքի հարցերի օպերատիվ լուծմամբ։

Ըստ օպերատիվ շտաբի պետի՝ մարդկանց բնականոն կյանքն ապահովելու համար ամսվա առաջին օրվանից վճարվել են պետական բյուջեով նախատեսված աշխատավարձերը։ Թոշակները նույնպես կվճարվեն սահմանված ժամկետներում։ Աշխատանքները կհամակարգի օպերատիվ շտաբը։

«Նույնիսկ այսպիսի պատերազմական և ծանր օրերում ֆինանսների նախարարը հայտնեց ինձ, որ մեր ինն ամսվա արդյունքներով Արցախի հարկատուները վճարել են նախատեսվածից 200 մլն դրամ ավելի։ Դրանք չնախատեսված հարկերն էին, որոնք ուղղակի հարկատուների կողմից վճարվել են։ Ի՞նչ է սա, եթե ոչ հայրենասիրություն»,- նշեց նա։

Անդրադառնալով կոմունալ վճարներին՝ Արցախի օպերատիվ շտաբի պետը հայտնեց, որ որևէ կոմունալ վճար չվճարելու կամ ժամանակավոր չվճարելու կապակցությամբ անջատումներ չեն լինի։

Որոշ բնակավայրերից արցախցիների տարհանման վերաբերյալ Գրիգորի Մարտիրոսյանը հայտնեց, որ տարհանվել են որոշ գյուղեր, որոնք գտվել են սահմանին մոտ և մի քանի կիլոմետր հեռավորություն ունեն մարտի գծից։

Նա պաշտոնապես հայտարարեց, որ Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում, այդպիսի որոշում կընդունվի միայն հիմնավոր հանգամանքների դեպքում։

Խոսելով թաքստոցների մասին՝ պետնախարարը նշեց, որ ամբողջ բնակչության հաշվարկով առկա է թաքստոցների հնարավորություն, անհրաժեշտության դեպքում կան նաև հավելյալ ռեսուրսներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter