HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը մարդասիրական զինադադար է առաջարկում՝ զոհվածների մարմինները հանելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կողմերին առաջարկում են զինադադար՝ զոհվածների մարմինները հանելու համար։ Այդ մասին նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Համանախագահները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ուժի կիրառումը, ինչպես նաև շփման գծից հեռու գտնվող Հայաստանի և Ադրբեջանի տարածքների թիրախավորումը։ Մենք նաև մեր անհանգստությունն ենք հայտնում քաղաքացիական զոհերի թվի աճի մասին հաղորդումների կապակցությամբ: Քաղաքացիական բնակչության թիրախավորումը կամ դրան սպառնալը երբեք որևէ պարագայում ընդունելի չէ։

Համանախագահները կողմերին կոչ են անում լիովին պահպանել խաղաղ բնակչության պաշտպանության՝ իրենց միջազգային պարտավորությունները: Համանախագահները նաև շեշտում են, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնությունների աճին խարխլում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերը:

Հիշեցնելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսել բովանդակային բանակցությունները:

Համանախագահները շտապ կոչ են անում անհապաղ հաստատել մարդասիրական հրադադար՝ ԵԱՀԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համաձայնեցնելով զոհված զինծառայողների աճյունների վերադարձը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ամենավճռական ձևով դատապարտում էին բռնության աճը, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

«Մենք սգում ենք զոհվածների համար և ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակից կողմերի զինված ուժերի միջև մարտական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ բարեխղճորեն և առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորմանն ուղղված առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- նշվում էր տարածված հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ԵԱՀԿ պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter