
Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող անձի աշխատատեղը պահպանվում է. «Իմ քայլի» նախագիծը
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում` ռազմական դրության պայմաններում աշխատանքային հարաբերություններում առաջացող մի շարք հարցերի կարգավորումն ու եղած դրույթներն առավել հստակեցնելու համար:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակ սահմանել զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, ինչպես նաև վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում աշխատողի աշխատատեղի պահպանման երաշխիքը, նաև աշխատանքի վարձատրության հավելյալ երաշխիքներ նախատեսել:
Հստակ սահմանվում է, որ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում պետք է պահպանվի աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):
Նշվում է, որ սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած` զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Նախագծում ասվում է, որ այս կարգավորումը նշված ժամանակահատվածում հավելյալ վարձատրություն նախատեսող դրույթ է, քանի որ վերաբերում է այն դեպքերին, երբ աշխատողի համար վարձատրություն օրենքով արդեն իսկ նախատեսված է, սակայն ոչ գործատուի կողմից:
Առաջարկվող փոփոխություններից է նաև այն, որ ամրագրվի ռազմական դրություն հայտարարվելու դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:
Հիշեցնենք, որ գործող կարգավորման համաձայն` աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական դրություն հայտարարված լինելու դեպքում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, հետևաբար օբյեկտիվ անհրաժեշտություն կարող է լինել նշված մարմինների` արձակուրդում գտնվող աշխատողներին արձակուրդից հետ կանչել:
Առաջարկվում է նաև նախատեսել, որ վերոնշյալ դեպքում արձակուրդից հետ կանչված աշխատողին հետագայում արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրելու դեպքում այդ օրերի համար վճարում չի իրականացվում:
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի մեկին: Այն նիստերի օրակարգ ներառվելու համար պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը:
Մեկնաբանել