
Արծրուն Հովհաննիսյան. «Դիրքային փոփոխություններ շատ հաճախ են լինում»
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում դիրքային փոփոխությունների վերաբերյալ տարածվող լուրերը։
Արծրուն Հովհաննիսյանը, ասուլիսի ընթացքում անդրադառնալով տարածվող այն տեղեկությանը, որ ադրբեջանական կողմը գրավել է Մատաղիսը, նշեց՝ առանձին դիրքի, ուղղության, մարտավարական բնագծերի վերաբերյալ տեղեկատվություն չի կարող ներկայացնել։ Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մատաղիսը վերցնելու պնդման մասին ասաց՝ ով, ինչ ցանկանա, կասի։
«Կոնկրետ ով, որ պահին, որ կողմը, որ դիրքի վրա է գտնվում, ես չեմ կարծում այդքան կարևոր իրողություն է։ Ծանր մարտեր են գնում, համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում՝ թե՛ առաջ, թե՛ հետ, թե՛ աջ, թե՛ ձախ։ Հետևաբար առանձնահատուկ չֆիքսվենք այս ամեն ինչի վրա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա չմեկնաբանեց գերիների առկայության մասին տեղեկությունները։ Չհերքեց և չհաստատեց նաև այն տեղեկությունը, որ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի զինտեխնիկայի, ուժերի կուտակումներ են նկատվում։
«Հայաստանի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով, որը հարաբերվում է Ադրբեջանին, այո՛, կան համապատասխան զորքերի շարակազմեր, մարտակարգեր։ Եվ դրանցում, մենք վստահ ենք, որ կլինեն տարբեր տեղերից բերված վարձկան ահաբեկիչներ»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ քաղաքակիրթ աշխարհի արձագանքն ադրբեջանական բանակի կատարած վայրագություններին, կիրառած զինատեսակներին, ահաբեկիչների օգտագործմանը բավական դիպուկ է։ Հովհաննիսյանը հիշեցրեց՝ հոկտոմբերի 2-ին և 3-ին Ստեփանակերտը, Արցախի այլ քաղաքներ մի քանի անգամ ենթարկվել են հրետակոծությունների, թիրախավորվել են նաև լրատվամիջոցները։
Լուսանկարը՝ արխիվային / mil.am
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել