HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերադարձ հայրենիք՝ ռազմաճակատ մեկնելու

Հարություն Մարգարյանն այսօր առավոտյան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից ժամանել է Հայաստան՝ կամավորագրվելու։

Հարությունը 22 տարեկան է, արդեն 8 տարի ընտանիքի հետ բնակվում է Կրասնոդարում։ Մասնագիտությամբ մարկետոլոգ է։ Արցախում պատերազմական իրավիճակը տեսնելով՝ Հարությունը որոշել է վերադառնալ Հայաստան եւ մեկնել ռազմաճակատ։

Նա այս տարվա հուլիսին է զորացրվել ռուսական բանակից։

Հարությունը վստահեցնում է, որ մարտական բարձր պատրաստվածություն ունի։ Ինքնակամ ՌԴ բանակ էր զորակոչվել՝ մարտական պատրաստվածություն անցնելու, տանկիստ է։ Ասում է՝ գիտեր, որ պատերազմը Հայաստանից հեռու չէ։ 

«Հասկացա, որ սահմանին պետք են այնպիսի տղամարդիկ, որոնք ռազմական գիտելիքներ ունեն։ Մեր ժամն եկել է, որ գանք մեր կռիվը տանք»,- ասում է նա։

Հարությունի հետ նույն՝ Կրասնոդար-Երեւան չվերթով ժամանեցին տասնյակ հայ տղամարդիկ՝ ռազմաճակատ մեկնելու համար։

«Հետքի» հետ զրուցած մոտ մեկ տասնյակ ժամանողներից որևէ մեկը զորակոչի ծանուցում չի ստացել․ Հայաստան են ժամանել կամավորագրվելու համար։

Արցախ մեկնել ցանկացողների թվում թե' երիտասարդներ էին, թե' միջին տարիքի տղամարդիկ։ Մեզ հետ զրույցում պնդում են՝ մարտական են տրամադրված, հիմա պետք է լինեն սահմանին կանգնած զինվորների կողքին։

Վերադարձողներից շատերը զինվորական հագուստով էին։

«Պատերազմի լուրը ինձ համար մեծ հարված էր։ Ընտանիքս, երեխաներս Ստեփանակերտում են։ Եկել եմ կռվեմ, իմ հայրենիքը պաշտպանեմ։ Հիմա պետք է սփյուռքի տղաները գան»,- ասում է Էդվարդ Մեջլումյանը։

Էդվարդ Մեջլումյանը սեպտեմբերի 26-ին էր Հայաստանից մեկնել Կրասնոդար։ Հաջորդ օրը պատերազմը սկսվեց։ Տեսնելով, որ մարտերն ավելի են թեժանում՝ վերադարձի տոմս է գնել։

Գործի բերումով հաճախ է կարճաժամկետ այցելություններ կատարում Ռուսաստան։ Բայց ընտանիքը շարունակում է Ստեփանակերտում բնակվել։

Ռազմաճակատ մեկնելու համար այսօր արդեն կկամավորագրվի։  Նախկինում ծառայել է Արցախում, պահեստազորի սպա է, տեղանքին քաջատեղյակ։ Թեև 54 տարեկան է, բայց վստահեցնում է՝ մարտականորեն պատրաստված է։

Սա առաջին թռիչքը չէ, որ Սփյուռքի խոշոր համայնքներից հայ տղամարդիկ գալիս են Հայաստան՝ Արցախ մեկնելու։ Նրանք իրենց հետ նաև օգնություն են բերում։

«Եկել եմ հայրենիքս պաշտպանեմ։ Ամեն մի կորցրած զինվորը մեզ համար ցավալի կորուստ է, ամեն օրն էլ ցավալի է։ Մեր բանակին՝ տոկունություն, համարձակություն»,- ասում է Կրասնոդարից Հայաստան վերադարձած Արսեն Զուլոյանը։

Նրա ընկերներն ու ծանոթները ևս Ռուսաստանի, աշխարհի այլ քաղաքներից վերադառնում են Հայաստան՝ առաջնագիծ մեկնելու։ 

Արսեն Զուլոյանը սփյուռքում բնակվող հայերին կոչ արեց վերադառնալ Հայաստան, կանգնել զինծառայողների կողքին։ Թեև կարևորում է դրամական աջակցությունները, սակայն նրա համար անձնական ներկայությունն այս պահին շատ կարևոր է։ 


Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter