
Միգրացիոն ծառայության պետը փախստականներին հրավիրել է հանդիպման
Փախստական Արտակ Մարդյանի մասին «Հետքի» հրապարակումը մեծ արձագանք է ստացել փախստականների շրջանում: «Երիտասարդ փախստականը մեկ որոշման արդյունքում զրկվել է բոլոր իրավունքներից» նյութի տակ առայսօր շարունակվում են քննարկումները թեմայի շուրջ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի միգրացիոն պետական ծառայության որոշումներով դադարեցվել էին շուրջ 140 փասխտականների կարգավիճակները: Դրա հիման վրա էլ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը չէր երկարացնում փախստականների ճամփորդական փաստաթղթերի ժամկետները: Շեշտենք, որ 2 տարով տրվող այս փաստաղթղթերը փախստականների համար հանդիսանում են անձը հաստատող հիմնական փաստաթուղթ, առանց որի նրանք զրկվում են տարրական իրավունքներից:
Փախստականներից ավելի քան 20-ը միգրացիոն պետական ծառայության՝ իրենց վերաբերյալ որոշումները բողոքարկել են դատարան: Ըստ օրենքի՝ քանի դեռ վերջնական որոշում չկա (իսկ քանի դեռ որոշումը վիճարկվում է դատարանում, վերջնական ակտի մասին խոսք լինել չի կարող), փախստականը չի կարող զրկվել ճամփորդական փաստաթղթից:
Ահա եւ հայտնի է դարձել, որ դատարան դիմած անձանց ՃՓ-ների ժամկետները կերկարացվեն եւս 2 տարով, ինչպես նախատեսված է օրենքով, սակայն, բնականաբար, վերջնական խոսքը դատարանինն է, որն էլ կվճռի՝ արդյոք նշված անձինք շարունակում են համարվել փախստական, թե, այդուհանդերձ, միգրացիոն ծառայության որոշումները ճիշտ են:
Ինչ վերաբերում է դատարան չդիմած, սակայն ծառայության կողմից այլեւս փախստական չհամարվող եւ վավերական ՃՓ չունեցող անձանց, ապա նրանց հարցը կլուծվի անհատական ընթացակարգով:
Նշենք, որ «Հետքի» հրապարկման ստորեւ շարունակվող քննարկումներին միացել է նաեւ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը առաջիկա կիրակի օրը քննարկման մասնակիցներին հրավիրել է ծառայություն՝ հանդիպման: «Կներկայացվի ինչպես Արտակ Մարդյանի, այնպես էլ այլ անձանց նմանատիպ գործերով մեր ծառայության տեսակետները: Պատրաստակամ եմ նաև հարակից հարցերի առնչությամբ տրամադրել տեղեկություններ»,- հայտնել է Գ. Եգանյանը:
Լուս.՝ Հակբերի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել