HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա․ Հովհաննիսյան․ «Ադրբեջանական կողմն ունեցել է 400 զինծառայողի, 13 զրահատեխնիկայի, 3 ինքնաթիռի և 1 ԱԹՍ-ի կորուստ»

Ադրբեջանի զինված ուժերն այսօր որևէ նշանակալի մարտավարական գործողություն չի կարողացել իրականացնել։ Թուրքական օդուժն ու ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, և մարտերն այսօր չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմը միայն այսօր ունեցել է մոտ 400 զինծառայողի կորուստ, վիրավորվել է 700-ը։ Խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 անօդաչու թռչող սարք։

Անդրադառնալով Ադրբեջանի տարածած ապատեղեկատվություններին՝ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ ապատեղեկատվություն տարածում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարությունը՝ Հանրապետության ղեկավարը, իր ընտանիքի անդամները, որոնք նաև զուգահեռաբար փոխնախագահի պաշտոն ունեն։

«Մենք տեսանք, թե ինչպես երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսը գրավելու կապակցությամբ, թվարկում էին մյուս փոքր բնակավայրերը, որոնք հարակից են Մատաղիսին։ Այսօր հրապարակեցինք տեսանյութ, որն ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից փախչում հայկական զինուժի հուժկու հրետանային կրակի տակ։ Նույնը եղավ նաև Ջաբրայիլի գրավման հետ կապված, ինչը ևս ապատեղեկատվություն է»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները թռիչքներ են կատարել Թուրքիա՝ Հովհաննիսյանն ասաց, որ փաստացի Ադրբեջանի զինված ուժերի կառավարումը հանձնված է Թուրքիայի զինված ուժերին, և այդ փոխայցելությունները նորություն չեն։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է․ «Մեր հրետանավորներից մեկը կրակը վարել է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ՝ լինելով վիրավոր, և մինչև վերջին մարտկոցների ոչնչացմանը չի հասել, մարտի դաշտից դուրս չի եկել»,- հայտնեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter