HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տարածած կեղծ տեղեկատվության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով:

Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում:

Այս շարքից է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:

Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:

Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար:

Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը հերքել են Մինգեչաուրի ուղղությամբ հարձակման մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter