
Հայկակ Արշամյան. «Այս դրամահավաքը վերածվել է համազգային շարժման»
«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքը վերածվել է համազգային շարժման, որին մասնակցում են բոլոր հայերը՝ աշխարհի տարբեր ծայրերից: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
Ըստ նրա՝ դրամահավաքին մասնակցում են ինչպես առանձին անհատներ, այնպես էլ՝ կազմակերպություններ: Գումարներ են ստացվում և‘ Հայաստանից, և‘ Սփյուռքից:
«Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որ կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում: Դրամահավաքին մասնակցում են հայեր Ռուսաստանից, Ավստրալիայից, ամբողջ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից: Այնպիսի համայնքներ կան, որոնք երբևէ ակտիվ չեն եղել, բայց այս անգամ մասնակցում են շարժմանը: Նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ ֆլեշմոբեր են տեղի ունենում: Մարդիկ իրենք են նախաձեռնում այդ ֆլեշմոբերը և գումար հավաքում, ուղարկում Հայաստան: Այս գումարները մեր հաղթանակի համար են»,- նշեց Հայկակ Արշամյանը:
Հոկտեմբերի 5-ի՝ ժամը 11։50-ի դրությամբ, ինչպես նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքում, հավաքագրվել է 25 մլն 234 հազար դոլար:
Հիմնադրամի տնօրենը շեշտում է, որ հավաքագրված գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ: Այդ միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման համար: Գումարները կարող են ուղղվել մեքենաների ձեռքբերմանը, զինվորների կարիքներին, մարտերում վիրավորվածների բուժմանը, առողջապահական սարքավորումներ գնելուն և այլն։
Հայկակ Արշամյանը կոչ է անում հայությանը լինել ավելի ակտիվ և հնարավորինս շատ միջոցներ ուղղել հիմնադրամին, որը թույլ կտա մեծ խնդիրներ լուծել: Նա նաև կոչ է անում ինքնուրույն նախաձեռնություններ սկսել տարբեր տեղերում, գումարները կենտրոնացնել և ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Կոչ եմ անում մեր մեծահարուստ հայրենակիցներին՝ արե՛ք ձեր քայլը և ձեր սրտի հանգտության համար գումարներ փոխանցե՛ք հիմնադրամին: Այս համազգային շարժմանը անմասն չպետք է մնա ոչ մի հայ», - նշում է հիմնադրամի տնօրենը:
Մեկնաբանել