HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսագետ. «Կարճաժամկետ հատվածում և‘ տնտեսությունը, և‘ ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն»

Արցախա֊ադրբեջանական սահմանին ընթացող մարտերը չեն ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա, եւ առաջիկայում համակարգի կայունությունը վտանգված չէ, ավանդատուներն էլ մտահոգվելու կարիք չունեն: «Հետքի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Մնացականյանը:

Պրն Մնացականյան, Հայաստանի ֆինանսական համակարգն ինչպե՞ս է արձագանքում պատերազմական այս իրավիճակին:

Գլոբալ առումով ցանկացած երկրի համար ցանկացած պատերազմ  խնդիրներ է ստեղծում: Եվ նշանակություն չունի, թե տնտեսությունը որքանով է դիվերսիֆիկացված՝ չնայած ամեն ինչ իր դերն է խաղում: Սակայն, Հայաստանում առաջնահերթ խնդիրները կարճաժամկետ հատվածում, ըստ էության, չեն զգացվի, բայց հետագայում ՝ երկարաժամկետ հատվածում, տնտեսության վերականգնման և զարգացման համատեքստում կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ:

Հայաստանի ֆինանսական համակարգը բավականին կայուն է և բավականին կապիտալիզացված: Ակտիվներով ֆինանսական համակարգում մեծ տեսակարար կշիռ ունեցող բանկային համակարգը կապիտալով համալրված է: Կարճաժամկետ հատվածում թե' տնտեսությունը, թե' ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն: 

Երկարաժամկետ հատվածում, բնականաբար, կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ՝ կապված վարկերի վերադարձի և տնտեսության կառուցվածքից բխող խնդիրների հետ: 

Այս կայունությունը հիմք տալի՞ս է ենթադրելու, որ ավանդների վերադարձելիության խնդիրներ չեն լինի:

Հայաստանում ավանդներն ապահովագրված են: Այս անգամ էլ խնդիր չի կարող լինել ավանդների վերադարձի առումով: 

Նախորդ ճգնաժամի ժամանակ, որն, իհարկե, պատերազմական իրավիճակներում չէր, փորձը ցույց տվեց, որ բանկային համակարգն իր կայունությամբ հիմնարար դեր է խաղում տնտեսության համար, և մարդիկ գումարները ավանդ դրեցին բանկերում:  

Իհարկե, այս իրավիճակը տարբերվում է նախորդ  ճգնաժամերից: Ավանդների առումով պատասխանատվությունը բանկերինն է, և Կենտրոնական բանկը վերահսկում  է գործընթացը: 

Ադրբեջանի և Թուրքիայի ֆինանսական համակարգերն ի՞նչ միտումներ են գրանցում այս օրերին:

Ադրբեջանի տնտեսության ֆինանսական հոսքերը հիմնականում գոյանում են նավթի վաճառքից: Այսինքն՝ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ: Եվ, հաշվի առնելով, որ հիմնական ճյուղը նավթարդյունաբերությունն է և մեծ թվով ներդրողներ են այնտեղ ներգրավված, Ադրբեջանում իրավիճակն արդեն խնդրահարույց է: Բավականին երկար ժամանակահատվածում խնդիրներ են լինելու՝  մի կողմից հաշվի առնելով, որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, մյուս կողմից էլ՝ նավթի միջազագային գների սուր տատանումներն այս պահին: Հետևաբար,  այս պատերազմն արդեն լուրջ հետևանքներ է թողնում Ադրբեջանի տնտեսության վրա:

Իսկ թուրքական լիրան, ինչպես տեսնում եք, արժեզրկվում է:  Դա Թուրքիայի տնտեսության կարևոր բնութագրիչներից մեկն է: Ըստ էության, դա չի խոսում այն մասին, որ այս երկրի տնտեսությունը կայուն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter