
Արցախի հերոս Դավիթի մայրը հեռուստատեսությամբ է իմացել, որ որդին առաջնագծում է և հերոսի կոչման է արժանացել
-Որտե՞ղ է հերոս Դավիթի տունը:
-Գյուղը վերջանում ա, մի համեստ տուն կա, այ դա էլ մեր Դավիթի տունն ա:
Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում հարցուփորձ անելով գտանք երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արցախի հերոս» բարձր կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի տունը:
Դավիթը Կարախանբեյլիի և Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա:
Տանը Դավիթի քույրն էր և երկու ամսական զարմիկը, որի ծնվելուն Դավիթն անհամբերությամբ է սպասել: Քիչ անց եկավ նաև Դավիթի մայրը` Սուսան Գրիգորյանը: Ցածր ձայնով բարևեց և առաջ եկավ: Երեկվանից, ինչ հրապարակվել է Դավիթի սխրանքի մասին լուրը, նրանց տանը հյուրերի պակաս չկա: Տիկին Սուսանը գնացել էր խանութ հյուրասիրության համար հերթական քաղցրավենիքը գնելու:
Ասաց, որ հակասական զգացումներ ունի որդու հերոսի կոչում ստանալու առիթով: Հպարտ է, սակայն ուրախ չէ: Չէր ցանկանա, որ իր և մյուս ծնողների զավակներն անցնեին պատերազմի միջով: Սակայն իրականությունը դրանից չի փոխվում, պետք է պայքարել ու չհանձնվել:
Պատմեց, որ հեռուստատեսությամբ՝ երեկ է իմացել, որ որդին առաջնագծում է ծառայում և հերոսի կոչման է արժանացել: Մինչ այդ փոքր-ինչ հանգիստ է եղել՝ մտածելով, թե որդին թիկունքում է: Դավիթը զենքի նկատմամբ սեր չի ունեցել, զինվորական գործով հետաքրքրված չի եղել, և հարազատների համար անսպասելի է նրա հերոսական արարքը:
«Գիտեի, որ մասնակցում է մարտերին, բայց մտածել էի, որ 2-րդ կամ 3-րդ գծում է: Իրենից չեմ հարցրել ընդհանրապես, որովհետև այդ մասին չի խոսում, չի ասում՝ որտեղ է, ինչ է անում: Հերոսի կոչում տալու ժամանակ եմ իմացել, որ առաջին գծում է Դավիթս»,- ասում է մայրը՝ հավելելով, որ որդին քույրերին ասել է, թե թիկունքում է ծառայում, որպեսզի հանգիստ լինեն:
Դավիթը օրը մեկ անգամ զանգել է տուն, խոսել է մոր հետ, սակայն մի քանի հանգստացնող բառ ասելուց հետո անջատել է հեռախոսը: Տան անդամներն էլ չեն մտածել, որ հնարավոր է թեժ մարտերի արանքում որդին զանգեր, հանգիստ տոնով խոսեր իրենց հետ: Այդ հանգամանքը ևս նրանց հանգստացրել է:
«Հեռուստատեսությամբ լսեցի Դավիթ, մտածում էի ուրիշ ազգանուն ու հայրանուն պետք է լինի: Ընդհանրապես չէի մտածում՝ Դավիթ Լյովայի Գրիգորյան: Այդ պահին աննկարագրելի զգացողություն էր: Ամեն ինչ խառնվել էր՝ ուրախությունը, հպարտությունը, ինչ-որ տեղ էլ տխրությունը, որ առաջնագծում է»,-ասում է տիկին Սուսանը:
Նա բոլոր մայրերին հորդորում է աղոթել և հպարտ լինել, որ իրենց երեխաները պաշտպանում են հայրենիքը:
Դավիթը տան միակ որդին է, ունի երկու քույր: Երեք ամսից պետք է զորացրվի։ Բոլորը դրան են սպասում:
Արցախի հերոսը Տնտեսագիտական համալսարանի ուսանող է: Ընդունվելուց հետո 6 ամիս սովորել է ու զորակոչվել բանակ: Նպատակ ունի խորացնել իր գիտելիքներն ընտրած մասնագիտության ոլորտում:
Մայրը պատմեց, որ ապրելով գյուղում՝ Դավիթը հողագործության հետ ընդհանրապես սեր չունի, նույնիսկ չգիտի, թե քանի քառակուսի մետր հող ունեն: Սիրում է սովորել, սպորտով է զբաղվել։ Կարատե և շախմատ է պարապել, ունի մեդալներ, շախմատի 2-րդ կարգ:
Մայրը Դավիթին մեկ բառով է բնութագրում՝ համեստ: Միշտ նրա հաջողությունների մասին իմացել են, երբ արդեն նկատելի է եղել արդյունքը: Խոսում է այն ժամանակ, երբ իրեն խոսք է հասնում, չի սիրում, երբ իր հաջողությունների մասին բարձրաձայնում են: Շատ պարտաճանաչ է, պատասխանատու, երբևէ չի ուշացել դասերից: Հարազատներն ասում են, որ առավոտյան ժամը 7-ին արթնանում, գնում էր հավելյալ հայոց լեզու պարապելու: Այնտեղից էլ գնում էր դպրոց: Դպրոցում սովորել է գերազանց առաջադիմությամբ:
«Գյուղում ոչ մեկ չէր պատկերացնում, որ համեստ, հանգիստ բնավորությամբ Դավիթը նման բան կարող էր անել: Օգոստոսին զորացրված ընկեր ունի, երեկ եկավ մեր տուն շնորհավորելու, ինքն էլ զարմացած ասաց՝ Սուսան տոտա, նորից ուրիշներից ենք իմանում Դավիթի հաջողության մասին: Եթե ասվել է, որ գործողությունների մասին պետք է չասել հեռախոսազանգի միջոցով, ուրեմն վստահ ենք, որ իրենից ոչինչ չենք լսի»,-ասաց տիկին Սուսանը:
Երբ խնդրեցինք ցույց տալ Դավիթի լուսանկարները, մայրն ասաց, որ որդին նույնիսկ զենքը ձեռքին նկար չունի ու դժվար է այդպիսի նկար գտնելը: Նկարվել չի սիրում: Քույրը՝ Գայանեն իր հեռախոսում մի քանի նկար գտավ՝ արված ծառայության սկզբնական շրջանում:
«Բայց որ իմացավ ես եմ նկարները տվել, ինձ կսպանի»,-կատակեց Գայանեն:
Դավիթի զորակոչվելուց հետո նրա սենյակը զբաղեցրել է զարմիկը՝ մինչև Դավիթը զորացրվի։
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել