HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Գրիգորյան

Ոճիր և պատիժ․ քաղաքակրթությունների բախումն Արցախում

Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող որոշ գործողություններ քաղաքակիրթ աշխարհում ունեն շատ կոնկրետ իրավական ձևակերպում՝ միջազգային հումանիտար իրավունքում դրանք կոչվում են պատերազմական հանցագործություններ։ Ներկայումս հայկական կողմը փաստագրված ապացույցներով ներկայացնում է այդ գործողությունները՝ խաղաղ բնակչության թիրախավորումից մինչև վերջիններիս նկատմամբ նպատակամղված կասետային զենքի կիրառում, վարձկան ահաբեկիչների օգտագործում իրենց անկախության համար պայքարող ժողովրդի նկատմամբ և այլն։ Բոլորիս՝ այդ թվում աներևույթ «միջազգային հանրության» համար ակնհայտ է, թե թուրքա-արաբա-ադրբեջանական այս արկածախնդրությունը ինչպիսի ապտակ է քաղաքակիրթ աշխարհին։ Այնուհանդերձ, հրեշավոր հանցագործությունների այս համակցությունը պետք է կետ առ կետ իրավաբանորեն ձևակերպել, որոնք հետո դրվելու են միջազգային քրեական տրիբունալի փաստահավաք հանձնաժողովի առջև։

Մի քանի փոխկապակցված հոդվածների շարքով կփորձեմ իմ ներդրումն ունենալ անժխտելի փաստերը միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում իրավաբանորեն ձևակերպելու գործում՝ ի լրումն այն հսկայածավալ աշխատանքի, որ իրականացնում են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակները և այլ պաշտոնական խմբեր։ Պատերազմական հանցագործությունների իրավական ձևակերպումները կներկայացնեմ մատչելի՝ ոչ տեխնիկական լեզվով, որն անհրաժեշտ է Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիական հասարակության և հատկապես լրագրողների համար։ Միջազգային հումանիտար իրավունքը քաղաքակիրթ աշխարհի համար պատերազմական գործողությունների ընթացքում կիրառվելիք կանոնների համակցություն է, որին պետք է հետևեն այդ կանոններն ընդունած բոլոր կողմերը, այդ թվում՝ թուրքա-ադրբեջանական պետական միավորումները։

Որքան էլ մարդիկ համարեն, որ մեր ներկայիս հակառակորդների հետ մարդասիրական իրավունքի կանոնների մասին խոսելն անմտություն է, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է այդ կանոնների խախտման փաստերն իրավաբանորեն ձևակերպելը՝ որպես պատերազմական հանցագործություններ։ Մենք ապրում ենք քաղաքակրթությունների բախման կուլմինացիոն շրջափուլում, որի մի կողմում կանոններ չճանաչող միջնադարյան դաժանությունն ու ահաբեկչությունն է, մյուս կողմում՝ մարդկության կենսագոյությունը շարունակելու համար անհրաժեշտ մարդասիրական քաղաքակրթությունը։ Մենք սկզբունքորեն չենք կարող պարտվել այս գոյամարտում, քանի որ դա կնշանակի վերադարձ միջնադար։ Հետևապես, մենք գործելու ենք մեր քաղաքակրթությանը բնորոշ կանոններով, հակառակորդին հաղթելու ենք մեր մարդասիրական պատերազմում և պատասխանատվության ենք ենթարկելու մարդասիրական իրավունքով սահմանված՝ պատերազմական հանցագործություններ կատարելու համար։ Հենց այսպես։ Հիմա անցնենք ավելի չոր՝ իրավական տեքստին և դետալային կերպով ձևակերպենք թուրք-ադրբեջանական քաղաքական և զինվորական ղեկավարության կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները։ Այո, հենց մարդկության, ոչ թե հայ ժողովրդի, քանի որ մեր քաղաքակրթության մեջ պատերազմական հանցագործությունները չունեն էթնիկական ուղղվածություն, դրանք արվում են ամբողջ մարդկության դեմ։

Ի՞նչ է պատերազմական հանցագործությունը

Երկրորդ համաշխարհայինից հետո քաղաքակիրթ աշխարհը մշակեց և ընդունեց Ժնևի չորս կոնվենցիաները, որոնք իրենց լրացուցիչ արձանագրություններով կազմում են ներկայիս միջազգային հումանիտար իրավունքի առանցքը։ Դրանք պատերազմի վարման նվազագույն կանոններ են, որոնք միտված են սահմանափակելու պատերազմի արհավիրքները։ Ժնևի չորրորդ կոնվենցիան, մասնավորապես, վերաբերում է պատերազմի ընթացքում քաղաքացիականների՝ խաղաղ բնակչության պաշտպանության կանոններին։ Այս կոնվենցիայի մաս կազմող առաջին արձանագրությունը կետ առ կետ և ուղիղ տեքստով սահմանում է, թե ինչ չի կարելի անել խաղաղ բնակչության նկատմամբ։ Անշուշտ, սա վերաբերում է պատերազմող կողմերին, որոնք կոնվենցիայի տրամաբանությամբ պետք է լինեն պետական միավորումներ, և ոչ թե ահաբեկչական խմբավորումներ։ Վարձկանների և ահաբեկիչների օգտագործումն արգելվում է այլ միջազգային պայմանագրերով, որոնց կանդրադառնամ հաջորդիվ։ Այս վերլուծությունը վերաբերում է դեռ միայն խաղաղ բնակչության դեմ իրականացվող գործողություններին, որի սուբյեկտը պատերազմող կողմն է՝ կոնվենցիայով սահմանված պարտավորություններ ստանձնած պետությունը։

Արձանագրության 51-րդ հոդվածն ուղիղ տեքստով սահմանում է, որ «քաղաքացիական բնակչությունը՝ որպես այդպիսին, ինչպես նաև անհատ քաղաքացիները, չպետք է լինեն հարձակման օբյեկտ։ Արգելված է իրականացնել բռնության ակտեր, որոնց ուղղակի նպատակը քաղաքացիական բնակչության մեջ սարսափի տարածումն է»։ Այսինքն, պատերազմական գործողությունների թիրախը պետք է լինեն միայն ռազմական նշանակության օբյեկտները։ Խուճապ առաջացնելու նպատակով քաղաքացիական օբյեկտներին կամ ռազմական գործողություններին չմասնակցող բնակչությանը թիրախավորելն անթույլատրելի է։ Անցնենք առաջ։

Նույն հոդվածի համաձայն՝ «չտարբերակված» հարձակումներն (indiscriminate attacks) արգելված են։ Չտարբերակված է համարվում ռազմական այնպիսի մեթոդներով և միջոցներով իրականացված հարձակումը, որն ուղղված չէ հատուկ ռազմական նպատակի իրականացմանը, կամ իր բնույթով այնպիսին է, որ ռազմական օբյեկտների հետ միասին կարող է չտարբերակված կերպով հարվածել նաև քաղաքացիականներին կամ քաղաքացիական օբյեկտներին։ Ի դեպ, թվարկված բոլոր գործողությունները Արձանագրության «ծանր խախտումներ» են։ Որպես չափանիշ ներկայացված են մի քանի օրինակներ, որոնք «չտարբերակված հարձակում» են. դրանցից է ռմբակոծությամբ ուղեկցվող այնպիսի հարձակումը, որի ընթացքում չեն տարբերակվում ռազմական ու քաղաքացիական օբյեկտները կամ բնակչությունը։ Այլ կերպ ասած՝ թիրախ կարող է լինել միայն ռազմական օբյեկտը, նպատակը պետք է լինի ռազմական օբյեկտի խոցումը։ Իսկ եթե ռազմական օբյեկտը տեղակայված է բնակելի հատվածում, ապա պետք է ընտրվի խոցման այնպիսի մեթոդ, որը տարբերակված հարված հասցնի՝ հնարավորինս չվնասելով քաղաքացիական բնակչությանը։

Պատերազմական հանցագործությունների փաստագրում

Հիմա տեսնենք, թե ինչ են անում ադրբեջանական կողմում կռվող զինված խմբավորումները։ Նրանք հարվածում են բնակելի քաղաքներին կասետային մարտագլխիկներ ունեցող զենիթահրթիռային կայանքներից։ Համաձայն հրապարակված փաստական տվյալների, հարվածներն ուղղված են հենց բնակելի օբյեկտներին և քաղաքացիական բնակչությանը, այլ ոչ թե ռազմական օբյեկտներին։ Եթե նույնիսկ հակառակորդը փորձի բնակավայրերի ռմբակոծությունը ներկայացնել այնպիսի մեկնաբանությամբ, թե իբր նրանք թիրախավորել են ռազմական ինչ-որ օբյեկտներ, ոչ թե քաղաքացիական բնակչությանը, ապա այս դեպքում գործում է «չտարբերակված» ռմբակոծության արգելքի կանոնը, որը միջազգային հումանիտար իրավունքի ծանր խախտում է և դրանով իսկ՝ պատերազմական հանցագործություն։

Բնակավայրերի ռմբակոծության ընթացքում կասետային մարտագլխիկներով հրթիռների կիրառման փաստերը լրացուցիչ ապացույց են առ այն, որ այդ արարքները ցանկացած մեկնաբանության պարագայում Արձանագրության ծանր խախտումներ են, քանի որ կասետային զինամթերքի օգտագործումն ինքնին անհնար է դարձնում «տարբերակված» հարձակումը։ Հակիրճ պետք է նշել, որ կասետային հրթիռը զինամթերքի այնպիսի տեսակ է, որի մեջ եղած բեկորներն ու փոքր նռնակները միտված են առավել մեծ վնաս հասցնելու կենդանի թիրախներին։ Մարտադաշտում դա կիրառվում է մարտնչող կազմի կենդանի ուժի առավելագույն արդյունավետ խոցման համար, սակայն բնակավայրերում այդ զինատեսակի կիրառությունը գործնականում անհնարին է դարձնում Արձանագրությամբ նշված՝ «տարբերակված» հարձակումը, հատկապես, երբ այդ հարձակումն իրականացվում է ռմբակոծության միջոցով։ Այսպիսով, քաղաքացիական բնակավայրերի՝ կասետային հրթիռներով ռմբակոծությունը ցանկացած պարագայում Արձանագրության ծանր խախտում է և դրանով իսկ՝ պատերազմական հանցագործություն։ Չնայած Ադրբեջանը չի մասնակցում «Կասետային զինամթերքի մասին» կոնվենցիային (Convention on Claster Munitions), այնուհանդերձ, քաղաքացիական բնակչության դեմ դրա կիրառությունը հակասում է մեկ այլ միջազգային պայմանագրի՝ Ժնևի չորրորդ կոնվենցիային և դրա առաջին Արձանագրությանը, որին Ադրբեջանը մասնակցում է։

Անցնենք հարձակման նախազգուշացման հարցերին։ Ինչպես հիշում եք, Արցախի նախագահը հայտարարեց, որ բազմաթիվ ադրբեջանական ռազմական օբյեկտներ գտնվում են խոշոր բնակավայրերի հարակից տարածքներում, և այդ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կոչ արեց լքել այդ տարածքները՝ քաղաքացիականների շրջանում կորուստներից խուսափելու համար։ Արցախի նախագահը հայտարարեց նաև, որ հրամայել է դադարեցնել այդ հարձակումը՝ բնակչությանը ժամանակ տրամադրելով լքելու այդ տարածքները։ Փոխարենը, Ադրբեջանի քաղաքական կամ ռազմական ղեկավարությունն այդպիսի հայտարարություն չի արել Արցախի բնակավայրերին (Մարտունի, Ստեփանակերտ, Հադրութ, Շուշի) հրետակոծելիս։ Ի դեպ, Արձանագրության 57-րդ հոդվածով սահմանված նախազգուշացում տալու պարտավորությունը, նույն հոդվածի համաձայն, որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես լիազորություն՝ հարձակվելու քաղաքացիական բնակչության, անհատ քաղաքացիների կամ քաղաքացիական օբյեկտների վրա։

Այս համատեքստում կա մի առանձնահատկություն ևս․ Արձանագրության 58-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմող կողմը պարտավոր է անել առավելագույնը՝ խուսափելու համար ռազմական նշանակության օբյեկտները խիտ բնակեցված վայրերում տեղակայելուց, ինչպես նաև քայլեր ձեռնարկել՝ վերջիններիս հեռացնելու ռազմական օբյեկտների մոտակայքից, ձեռնարկել այլ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիական բնակչությանը ռազմական գործողությունների վտանգներից պաշտպանելու համար։ Ինչպես հայկական կողմը տարբեր ժամանակներում բազմիցս հայտարարել է, ադրբեջանական իշխանությունները իրենց ռազմական օբյեկտները տեղակայում են բնակավայրերի անմիջական հարևանությամբ և հայտարարությունից հետո էլ չեն տեղափոխել, ինչը լեգիտիմ հիմք է տալիս պնդելու, որ ադրբեջանական իշխանությունները դա անում են դիտավորյալ՝ թիրախավորելու համար խաղաղ բնակչությանը։ Սա իր հերթին Արձանագրության խախտում է, որը պետք է գնահատվի Ադրբեջանի գործողությունների պատասխանատուների կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունների ընդհանուր համատեքստում։

Անցնենք պատասխանատվության հարցերին։ Խաղաղ բնակչության դեմ կատարվող գործողությունների համատեքստում՝ Ժնևի չորրորդ կոնվենցիայի առաջին Արձանագրության 85-րդ հոդվածի համաձայն՝ Արձանագրությամբ ամրագրված կանոնների ծանր խախտումները (grave breaches) պատերազմական հանցագործություններն են։ Նույն հոդվածով կետ առ կետ թվարկված են ծանր խախտումները, որոնցից են՝ «քաղաքացիական բնակչությանը կամ անհատ քաղաքացիներին դարձնել հարձակման թիրախ», կամ «իրականացնել չտարբերակված հարձակում, որն ազդեցություն է ունեցել քաղաքացիական բնակչության վրա՝ գիտակցելով, որ այդպիսի հարձակման հավելյալ հետևանքը լինելու է մարդկանց կյանքի և առողջության կորուստը, քաղաքացիական օբյեկտների վնասումը»։

Ի դեպ, նույն կանոնների խախտմամբ լրագրողներին թիրախ դարձնելը Արձանագրությամբ հավասարեցված է քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն կամ վերջինիս վրա ազդեցություն ունեցող «չտարբերակված հարձակում» իրականացնելուն, ինչը ևս հանդիսանում է ծանր խախտում ու դրանով իսկ՝ պատերազմական հանցագործություն։

Վերջում ևս մեկ անգամ արձանագրենք, թե ի՞նչ է անում պատերազմի կողմ հանդիսացող Ադրբեջանը։ Անհերքելի փաստական տվյալներով հիմնավորված է, որ առանց քաղաքացիական և ռազմական օբյեկտները տարբերակելու՝ խոշոր տրամաչափի հրթիռային կայանքներով ուղիղ նշանառությամբ հրթիռակոծում է խաղաղ քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները։ Երկրորդ՝ հրթիռակոծության ընթացքում կիրառում է կասետային մարտագլխիկներով զինամթերք՝ անհնարին դարձնելով քաղաքացիական և ռազմական օբյեկտների տարբերակման հնարավորությունը։ Արցախի տարածքում հրետանային հարձակման թիրախ դարձած հայկական և օտարերկրյա լրագրողները ևս որևէ կերպ չէին կարող գտնվել ռազմական օբյեկտներին հարակից տարածքներում, նրանք խոցվել են փողոցում՝ քաղաքացիական բնակավայրերի տարածքում։ Այսպիսով, ադրբեջանական քաղաքական և ռազմական ղեկավարության գործողություններն ամբողջությամբ համընկնում են միջազգային հումանիտար իրավունքի կանոններով սահմանված «ծանր խախտումներ» եզրույթի իրավաբանական բովանդակության հետ, ինչը հանդիսանում է պատերազմական հանցագործություն։

Վարձկան-ահաբեկիչների ներգրավման և այլ պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև պատասխանատվության մեխանիզմների մասին՝ հաջորդիվ։

Լուսանկարում՝ հրետակոծված Ստեփանակերտը

Լուս.` Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter