
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարները դատապարտում են աննախադեպ և վտանգավոր էսկալացիան Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարար Ժան Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամենավճռական կերպով դատապարտում են բռնությունների աննախադեպ և վտանգավոր էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս:
Նախարարներն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը, ենթադրաբար, եղել են քաղաքացիական օբյեկտները՝ թե՛ շփման գծի երկայնքով, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև այդ հարվածների անհամաչափությունը, անընդունելի վտանգ են ներկայացնում տարածաշրջանի կայունության համար։
Հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը՝ նախարարները կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել։ Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահ երկրները խիստ միտված են ամբողջությամբ իրականացնել ԵԱՀԿ և միջազգային հանրության կողմից իրենց վերապահված մանդատը, որը կիրականացվի Մինսկի խմբի անդամ պետությունների աջակցությամբ։ Նրանք կողմերին կոչ են արել անհապաղ իրենց վրա վերցնել բանակցային գործընթացը վերսկելու պարտավորությունները` գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմերին էլ։
Լուսանկարը՝ ԵԱՀԿ պաշտոնական կայքի
Մեկնաբանել