HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Արցախցի Մագդային աշխատավայրում կրկնակի են վարձատրում

Մագդային հանդիպում եմ իրենց շենքին կից խանութի մոտ, աշխատանքից է գալիս, առաջին բանը, որ անում է գրկախառնվելուց հետո, ձեռքերով ոտքից գլուխ իրեն է ցույց տալիս։ «Lրիվ ջուր եմ, ոտքերս ճպճպում են»,- ասում է ու միասին բարձրանում ենք իրենց վարձակալած բնակարան:

Դռան մոտ մեզ դիմավորում է Մագդայի մեծ աղջիկը՝ Մանուշակը, հետո մոր շուրջն են խմբվում 4-ամյա Արմենն ու 2 տարեկան Րաֆֆին, իսկ մյուս որդիները՝ Արթուրն ու Նիկոլայը, հեռուստացույցից չեն պոկվում, մինչև որ նկատում են օտար աղջկան ու հարցախույզ հայացքը սեւեռում վրաս: Բնակարանը մեծ չէ, մեկ սենյակ ու մի նեղ պատշգամբ, որտեղ Արմելա տատիկը՝ Մագդայի սկեսուրը, ձեռքով լվացած լվացքն է փռում ու բողոքում, որ րոպեն մեկ շոր են փոխում խոխեքը: 

Այս ընթացքում Մագդան արագ-արագ սուրճի պատրաստության հրահանգներ է տալիս Մանուշին, խոնավ շորերը փոխում ու տղաներից հարցուփորձ անում, թե արդյոք պապան զանգել է։ Խոսքը չավարտած՝ հեռախոսին զանգ է գալիս. բարեկամուհին է արտերկրից:

«Իյա, Մագդա, «сколько лет, сколько зим», էս ու՞ր ես, ու՞ր հասաք, քեզ մենակ ինտերնետով ենք տենում, զարգացած»,- բարձր ձայնով ասում է բարեկամուհին, ինչպես համարյա միշտ տեսակապով խոսելիս: Մագդան շատ կարճ պատասխաններ է տալիս, ասում է՝ լավ են, նորմալ է, հիմա տանը հյուր կա, ինքը հետո կզանգի ու անջատում է:

Մանուշը սուրճը բերում է, երեխաները հավաքվում են սեղանի շուրջ, ու զրույցը կամաց-կամաց բացվում է: Մագդան Արցախի Մարտակերտի շրջանից է։ Սեպտեմբերի 28-ին Երևան է տեղափոխվել երեխաների ու սկեսրոջ հետ։

«Առավոտ ժամը յոթի կողմերն էր, շըխկոց-դըխկոց լսեցինք: Մտածեցի, թե էս ժամին պապին ի՞նչ ա անում պադվալում, չի թողնում քնենք, վեր կացա տեսնեմ՝ ի՞նչ պապի, ի՞նչ գործ, կրակոցներ են ու պայթյուններ, որ լսվում են, արագ տնեցիներին հանեցի, էդ օրը մի կերպ անցկացրինք: Հաջորդ օրը՝ ամսի 28-ին, եղբայրս եկավ, մեզ բերեց Սևան ու ինքը նորից հետ գնաց դիրքեր: Իսկ ամուսինս, սկեսրայրս ու տղաս, որի 18 տարին մի քանի ամիս առաջ ա լրացել, մնացին գյուղում՝ մյուս տղամարդկանց հետ»:

Մինչև Երևան գալը Մագդան Արցախից արդեն ճշտել էր, որ տունը, որտեղ այս տարի մի քանի ամիս ապրել են, տանտերը դեռ վարձով չի տվել, ու միանգամից տեղափոխվել են այնտեղ:

«Ես ու տղաս՝ Արթուրը, էս տունը վարձել էինք դեկտեմբերի վերջին, երբ պարզվեց, որ Արթուրը արյան քաղցկեղ ունի: Առանց հապաղելու իրեն վերցրի, եկանք Երևան ու մինչև սեպտեմբերի սկիզբ դեռ էստեղ բուժվում էինք: Էդ ընթացքում մեկ-երկու անգամ ենք գնացել Ղարաբաղ, էրեխեքին հիմնականում Մանուշն ու տատն են պահել: Արդեն սեպտեմբերի սկզբին՝ բուժման հիմնական փուլն ավարտելուց հետո, տունը հանձնեցինք ու գնացինք մեր գյուղ. բուժման մնացած կուրսը Ստեփանակերտում պիտի անցնեինք»,- պատմում է 6 երեխաների մայրը: 

Խոսակցությունն ընդհատում է Արցախից եկած զանգը, Աշոտն է՝ ամուսինը. «Ալո, Աշոտ, լսու՞մ ես, ո՞նց եք, երեխեն ու՞ր ա, հեչ ղաթր (դադար) չեն տալի՞ս»,- հարցնում է Մագդան ու աղմկող երեխաներին ձեռքի շարժումով լռեցնելու ապարդյուն փորձ անում: Աղմուկի միջից հարցնում է՝ ի՞նչ են կերել։ Պատասխանը, հավանաբար, չի գոհացնում իրեն ու բարկացած հրահանգում է Արարատին մեծ որդուն, սոված չթողնել: Համոզվելուց հետո, որ բոլորը լավ են, վիճակը նորմալ է, անջատում է հեռախոսը:

Սկսում է լուրերի հերթական թողարկումը, ու առաջին լուրից հետո Մագդան ամուսնու հետ հեռակա կռվում է, թե իրեն խաբեց՝ իբր ամեն ինչ լավ է: Մի քանի րոպե նայելուց հետո, տեսնելով, որ նոր բան չեն հաղորդում, սուրճը ձեռքն է վերցնում ու հարցնում, թե որտեղ պատմությունը կանգ առավ: Ոչ մեկս չենք հիշում: Խնդրում եմ Մագդային պատմել՝ ո՞նց իր նկարը հայտնվեց «Ֆեյսբուք»-ում ու, ի վերջո, ի՞նչ գործ գտավ:

«Տղայիս տարել էի Արյունաբանական՝ ստուգման, էնտեղ մարդիկ արյուն էին հանձնում: Հանձնող աղջիկներից մեկին մեր բուժքույրն ասաց՝ սա էլ Մագդան ա, Ղարաբաղից ա եկել: Էդ աղջիկը հարցրեց, թե ձեզ ինչո՞վ կարող ենք օգնել, ես էլ ասեցի՝ ինձ բան պետք չի, մենակ աշխատանք կուզեմ: Նա էլ, թե՝ եկեք ձեզ նկարենք, էդպես շատ շուտ աշխատանք կգտնեք»,- պատմում է 39-ամյա կինը:

Աշխատանքի առաջարկները չուշացան, շատ զանգեր է ստացել, տարբեր բնույթի գործեր են առաջարկել: Մեկն էլ զանգել է, թե՝ Մագդա ջան, դուք վաղվանից աշխատանքի մեջ եք, համեցեք: Աշխատանքը պահածոյի գործարանում է, աշխատավայրում անում է այն, ինչ այդ պահին հարկավոր է:

«Ճիշտ է, ամբողջ օրը ջրերի մեջ ենք, բայց ես գոհ եմ, մեր գործատուն շատ հաճելի մարդ է ու ինձ համար էլ բացառություն է արել. օրավարձի կրկնապատիկն է վճարում»,- ասում է Մագդան:

Իրենց գյուղում նա նույնպես աշխատել է. դպրոցում մաքրուհի է եղել: Ամուսինը ոսկու հանքում է աշխատել, բացի այդ, շատ ընտանի կենդանիներ են ունեցել, որոնք հիմա ազատության մեջ անտառներում թափառում են:

«Ինչ ասես ունեցել ենք՝ խոզեր, ոչխարներ, բադեր, ղազեր, հնդուշկեք, գյուղից դուրս գալիս ստիպված ամբողջ գյուղով խառնեցինք անասունները ու բաց թողեցինք անտառ, երբ հետ գնանք կամ կգտնենք, կամ՝ չէ»,- պատմում է Մագդան ու նորից ստանում հերթական զանգը, ինչ-որ բան է բացատրում, և քիչ հետո ներս են մտնում միջին տարիքի ամուսիններ: Ընտանիքի համար սնունդ են բերել, թեև Մագդան ասում է, որ դրա կարիքը չկա: Ներս եկած կինը պայուսակից երկու փոքր մեքենա է հանում ու պարզում Արմենին, ասում է, որ ինքն էլ նրա տարիքի տղա ունի, ու դրանք տղան է ուղարկել: Մի քիչ խոսելուց, հարցուփորձ անելուց հետո զույգը գնում է, բայց մինչ այդ կինը Մագդային ստիպում է իր համարը գրանցել ու ցանկացած հարցի դեպքում միանգամից կապ հաստատել իր հետ:

Զուգահեռ զրուցում եմ Մանուշի հետ, ասում է, որ այս տարի պիտի դպրոցն ավարտի, դասարանում 3 աղջիկ են, ինքը ուզում է անպայման ուսումը շարունակել ու լեզվաբան դառնալ, ասում է՝ տեսնենք, թե ոնց կստացվի ու ուսերն է թոթվում: Այս ընթացքում տղաներն իրար հետևից վազվզում են ու քանդում անկողինը, մայրը սաստում է։ Ես նոր եմ նկատում, որ սենյակում ընդամենը մեկ մահճակալ կա ու մեկ բազմոց, իսկ իրենք յոթն են: Արմելա տատիկն ասում է, որ մի մահճակալ էլ պատշգամբում կա, մի կերպ տեղավորվում են, այնինչ իրենց տանը ինքն այս տարի պետք եղածից ավելի շատ ներքնակներ է լվացել, կարել, տեղավորել՝ կարծես լրիվ նոր: Պայմաններից, սակայն, ոչ ոք չի բողոքում. Մագդան բոլորին շնորհակալ է, ասում է՝ նույնիսկ տան վարձը շենքի բնակիչները թույլ չեն տվել, որ ինքը վճարի, ասել են՝ դու գործ չունես:

«Մարդիկ էնքան շատ օգնություն են տալիս, որ արդեն ինքս եմ ուրիշներին բաժանում: Մի մեծ պայուսակ շոր եմ տվել Ղարաբաղից եկած մի ուրիշ ընտանիքի»,- պատմում է Մագդան:

Լուրերի արդեն երրորդ թողարկումը միասին նայելուց հետո պատրաստվում եմ դուս գալ, Մագդան վերջին անգամ բարկանում է աղմկող ու կռվող երեխաների վրա։ «Թե ինչի՞ էսքան երեխա ունեցա,- ասում է ու ծիծաղելով ավելացնում,- ես հլը լավ եմ, հարևանս ինն ունի»:

Փողոցում Մագդան՝ ինձ, բայց ավելի շատ իրեն ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու, ինքը վստահ է. առաջնագծում շատ բարեկամներ ունի, իրենք էլ անպայման տուն պիտի գնան, իսկ մինչ այդ պիտի ջուր տաքացնի, որ երեխաներին լողացնի:

Բաժանվում ենք մոտակա խաչմերուկին՝ մյուս անգամ արդեն իրենց գյուղում հանդիպելու հաստատ խոստումով:

Ռիմա Գրիգորյան,
Հետք Մեդիա Գործարանի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter