
Արման Աբովյան. «Տեռորիստական Ադրբեջանն ու Թուրքիան պետք է կանգնեն Հաագայի միջազգային դատարանի առջև»
Խորհրդարանում մեկնարկել է պատգամավորների հայտարարությունների ժամը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ամբիոնին մոտեցավ Ստեփանակերտից բերած հրթիռի մի բեկոր ձեռքին:
«Սա մեծ տրամաչափի հրթիռների մի մասն է, որով այսօր գնդակոծում են Ստեփանակերտը, Արցախի խաղաղ բնակավայրերը: Այս բեկորը գտել եմ Արցախի ծննդատան մոտակայքում, ամեն օր տասնյակ հազարավոր նման զինատեսակներ օգտագործվում են խաղաղ բնակիչների դեմ: Այս հրթիռները լիցքավորվում են այսպես կոչված կասետաներով, կասետային հրթիռներ են, որոնց կիրառումն արգելված է բոլոր հնարավոր ու անհնար միջազգային կոնվենցիաներով ու օրենքներով»,-ասաց Աբովյանը:
Պատգամավորը շեշտեց` պետությունը կամ տեռորիստական կազմակերպությունը, որը նման զինատեսակ է կիրառում խաղաղ բնակիչների դեմ, առանց որևէ վերապահման հանցագործ է: Արման Աբովյանը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր կասկածում են իր խոսքերին, գնալ Ստեփանակերտ ու տեսնել չպայթած ռումբերը: Պատգամավորի խոսքով` տեռորիստական Ադրբեջանն ու Թուրքիան պետք է կանգնեն Հաագայի միջազգային դատարանի առջև ու իրենց պատիժը ստանան:
«Արդեն երկրորդ օրն է խոսվում այն մասին, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխում գրոհայինների, այսօր արդեն վերահաստատվեց նաև ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի կողմից: Կարծում եմ՝ մեր գործընկերները հասկանում են, որ եթե այսօր տեռորիստ Էրդողանի և Ալիևի դեմը չկտրվի, ապա իրենց թեթև ձեռքով այդ տեռորիստները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Իրանում, Եվրոպայում և այդպես շարունակ»,-եզրափակեց նա:
Մեկնաբանել