
Մևլյութ Չավուշօղլու. «Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն»
Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ոլորտում տրամադրել աջակցություն, եթե Բաքուն դրա կարիքն ունենա: Այս մասին երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում:
«Այսօր ադրբեջանական ժողովուրդը պայքարում է իր հողերի ազատագրման համար և ի վիճակի է իրագործել դա: Դրա համար նա ունի ուժ և պոտենցիալ: Իհարկե, Թուրքիան և թուրք ժողովուրդը պատրաստ են Ադրբեջանին աջակցություն տրամադրել ցանկացած ոլորտում, եթե Բաքուն դրա կարիքն ունենա»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն շեշտել է, որ եկել է Բաքու, որպեսզի «մեկ անգամ ևս ցույց տա Թուրքիայի և թուրք ժողովրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը Ադրբեջանին»:
Ալիևն իր հերթին նշել է, որ Անկարայի աջակցությունը ուժ է տալիս Ադրբեջանին: «Այն ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս մեզ և միևնույն ժամանակ կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման գործում»,- նշել է Ալիևը: Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «վճռական հայտարարությունները» «ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ»:
Լուսանկարը՝ «Anadolu» գործակալության
Հայկ Մանթաշյան
Հետք Մեդիա Գործարանի ուսանող
Մեկնաբանել