HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգեյ Նարիշկին. «Անդրկովկասը կարող է դառնալ նոր զինադաշտ հարյուրավոր ահաբեկիչների համար»

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համատեքստում Անդրկովկասը ահաբեկչական կազմակերպությունների անդամների զինադաշտի վերափոխման հնարավորությամբ: Այս մասին նշվում է Արտաքին հետախուզական ծառայության տնօրենի հայտարարության մեջ, որը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ղարաբաղում թեժացող զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է միջազգային տարբեր ահաբեկչական կառույցների զինյալներին։ Մեզ չի կարող չմտահոգել այն, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր զինադաշտ, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարակից պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»,- հայտարարել է Նարիշկինը:

Նարիշկինը հավելել է, որ ԱՀԾ-ում առկա տեղեկատվության համաձայն՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները, մասնավորապես «Ջաբհաթ ան-Նուսրա-ի, «Ֆիրքաթ ալ-Համզա»-ի, «Սուլթան Մուրադ»-ի, ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումները, ակտիվորեն ներգրավվում են հակամարտության գոտում: Նա շեշտել է, որ խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել ղարաբաղյան նոր պատերազմում:

Նարիշկինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կվերսկսեն բանակցությունները: ԱՀԾ-ի ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանի համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, անընդունելի է տարածաշրջանում նոր պատերազմը: «Մենք անտարբեր չենք նաև այն փաստի նկատմամբ, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվում են մեզ բարեկամ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ներկայացուցիչները»,- եզրափակել է Նարիշկինը:

Լուսանկարը՝ kremlin.ru-ի

Մերի Ստեփանյան

Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter