
ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի կառավարության պահանջը եւ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառեց
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնում է, որ քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց Թուրքիայի նկատմամբ։
Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր՝ ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ինՀայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»,- ասվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տարածած հայտարարությունում։
Մեկնաբանել