HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական խորհրդարանը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նիստի հիմնական իրադարձությունները

Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական խորհրդարանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունները։ 

Քննարկումից առաջ ելույթով հանդես եկավ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բոռելը։ Նա նշեց, որ ԵՄ-ն չի ընդունում հակամարտության լուծումը ռազմական միջոցներով։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է. ռազմական գործողությունները պետք է դադարեն, կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ առանց որևէ նախապայմանների»,-նշեց պրն Բոռելը։ 

ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ։

«Իմ վերջին խոսակցությունը Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հետ շատ մտահոգիչ էր, քանի որ ադրբեջանական կողմը պնդում է, որ չի դադարեցնելու մարտական գործողությունները, քանի դեռ հայկական կողմը չի կատարել Ադրբեջանի պահանջները»,-նշեց պրն Բոռելը։

Փոխնախագահը խոսեց խաղաղ բնակչության ռմբակոծության մասին՝ հիշեցնելով երկու կողմերին խաղաղ բնակչությանը պաշտպանելու իրենց պարտականությունները։ Պրն Բոռելը  նաև դատապարտեց կասետային ռումբերի օգտագործումը և իր ցավակցությունը հայտնեց զոհվածների ընտանիքներին։ Ըստ նրա՝ ԵՄ-ն փոքր գումար է հատկացնելու Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։

Պրն Բոռելն ասաց, որ ԵՄ-ն չունի հստակ տեղեկատվություն մարտական գործողությունների մասին, հաճախ կողմերի տրամադրած տեղեկատվությունն իրարամերժ է, իսկ վերջին շրջանում նկատվում է կեղծ լուրերի տարածման ալիք։ 

Քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաև 30-ից ավելի պատգամավորներ։ Ելույթ ունեցողների մեծ մասը խիստ կերպով քննադատեց Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը տարածաշրջանում, շատերն անդրադարձան Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանությանը։ 

Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան առավել ակտիվ քննադատում էին ձախակողմյան կուսակցությունների և կոալիցիաների ներկայացուցիչները, ազգությամբ ֆրանսիացի և հույն պատգամավորները։

Մասնավորապես, հույն պատգամավոր Իոաննիս Լագոսը նշեց. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, Հայոց ցեղասպանության շարունակությունն է թուրքերի կողմից… Մինչև ե՞րբ է ԵՄ-ն հանդուրժելու Թուրքիայի այս անընդունելի վարքագիծը»։ Պատգամավորը հայտնեց հայկական բանակին կամավոր կերպով միանալու իր ցանկության մասին։

Կիպրոսցի պատգամավորի՝ Լուկաս Ֆուրլասի խոսքով, Էրդողանը երեկ թքեց ԵՄ-ի դեմքին՝ բացելով Կիպրոսում գտնվող փակ Ֆամագուստա քաղաքը։ Սա նոր զարգացում է Կիպրոսում։ Հիշեցնենք, որ Ֆամագուստա քաղաքը 1974 թ.-ից փակ է, և Հյուսիսային Կիպրոսի թուրքական կառավարությունը երեկվանից վերաբացման աշխատանքներ է սկսել։

Եվրոպական Կանաչների կուսակցությունից գերմանացի Ռայնհարդ Բյութիքոֆերը քննադատեց ԵՄ քաղաքականությունը՝ նշելով, որ ԵՄ-ն չի կարող շարունակել ձևացնել, թե կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելը կարող է լուրջ փոփոխությունների բերել։ Ըստ պատգամավորի՝ ԵՄ-ն պետք է որդեգրի ռազմավարական պատասխանատվության սկզբունքները, ավելի շատ ներգրավված լինի տարածաշրջանում և դիմակայի Թուրքիայի ներգրավվածությանը։ 

Մեկ այլ պատգամավոր, Շվեդիայի դեմոկրատական կուսակցությունից Չարլի Վայմերը, կոշտ բառապաշար օգտագործելով, քննադատեց Ալիևին և իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին, պաշտպանեց Արցախի ինքնորոշման իրավունքը։ 

Միակ պատգամավորը, որը բացահայտ ադրբեջանամետ և թուրքամետ ելույթ ունեցավ, հունգարացի ծայրահեղ աջակողմյան «Յոբբիկ» կուսակցության փոխնախագահ Մարտոն Գյոնգյոսին էր։ Նա իր ելույթում պնդեց, որ կարևոր չէ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները, ըստ միջազգային իրավունքի՝ տարածքը պատկանում է Ադրբեջանին։ 

Քննարկումը տևեց մոտ երկու ժամ։ Վերջում փոխնախագահ Բոռելը, պատասխանելով պատգամավորների՝ հակամարտության հարցում հստակ գործողություններ իրականացնելու կոչին, ասաց. «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, մենք շարունակելու ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի երկու կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները։ Հատկապես աշխատելու ենք ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չշարունակի իր ներգրավվածությունը, բայց եթե դուք գործողություններ իրականացնել ասելով նկատի ունեք ռազմական միջամտություն ԵՄ կողմից, ապա այս տարբերակը չի քննարկվում»։

Ըստ պրն Բոռելի՝ երկար քննարկումներից հետո ԵՄ-ն որոշել է վերանայել իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter