HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանագետ. «Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին»

«Հետքի» հարցերին պատասխանում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը

-Տիկին Իսկանդարյան, ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ-ի, փորձում է խորամանկ մարտավարությամբ առաջ շարժվել՝ մի կողմից ունենալով Իրանի հետ սահմանը եւ մտածելով, որ հայկական կողմը զերծ կմնա սահմանի ուղղությամբ հարվածներ հասցնել։ Սակայն ՊՆ ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ Իրանի պատասխանն իր սահմանին ընթացող մարտերի վերաբերյալ միայն հայտարարությունների մակարդակով չէ։ Ի՞նչ գործնական քայլերի է դիմել Իրանը ադրբեջանական գրոհի եւ հայկական պատասխանի ֆոնին։

-Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ ուշադիր է հետեւում այս ամեն ինչին, եւ հետաքրքիր է, որ ժամեր առաջ ԻԻՀ նախագահը ավելի կոշտ հայտարարություն հնչեցրեց, որտեղ շեշտադրումներ արեց՝ ասելով, որ ժամանակին իրենք պայքարել են Սիրիայում հենց այդ ահաբեկիչների դեմ, ապա հիշատակեց Ղասեմ Սոլեյմանիի կատարած սխրագործությունները եւ նշեց, որ եթե իրենք պայքարել են Սիրիայում, թույլ չեն տա, որ այդ նույն ահաբեկիչներն այս պահի դրությամբ հայտնվեն ԻԻՀ սահմանի երկայնքով:

Իհարկե, կողմերին կրկին կոչ արեց հետ քաշել այդ ահաբեկչական խմբերին, այսինքն՝ չկոնկրետացրեց որեւէ երկրի, բայց քանի որ ՀՀ-ն որեւէ կերպ ներգրավված չէ այդ ահաբեկիչների ներկրման գործընթացին, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանին:

-Իրանը վստահաբար տեղյակ է իր սահմանների մոտ գտնվող եւ Ադրբեջանի համար կռվող վարձկանների եւ ահաբեկչական խմբավորումների մասին։ Բայց մյուս կողմից Իրանի հյուսիսային շրջանում բավականին մեծաթիվ էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում, որոնք Իրանի քաղաքացիներ են, բայց սերտ կապեր ունեն Ադրբեջան պետության հետ։ Ազգային անվտանգության եւ էթնիկական խնդրի այս դժվար թվացող իրավիճակում ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում պաշտոնական Թեհրանը։

-Երկու օր առաջ Թավրիզ ժամանեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի բրիգադի ղեկավարը: Սա շատ լուրջ քայլ էր իրենց կողմից, որը ցույց է տալիս, որ ԻԻՀ-ն որեւէ կերպ թույլ չի տալու թե՛ հենց այդ տարածքում՝ Թավրիզում, թե՛ հյուսիսային հատվածներում, հակակառավարական ցույցեր իրականացնել: Իսկ այն տեղեկությունը, որ Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին, համապատասխանում է իրականությանը:

-Այսինքն՝ սահմանի երկայնքով արդեն տեղակայե՞լ են այդ զինտեխնիկան:

-«Թվիթերում» տեսել ենք, թե ինչպես են տեղափոխում այդ զինտեխնիկան: Կարծում եմ՝ Իրանի այդ քայլը բնական է, քանի որ հյուսիսային սահմանների եզրով մեկ ռազմական գործողություններ են ընթանում, եւ անընդհատ տեսնում ենք, որ Իրանի սահմանին արկեր են պայթում, ԱԹՍ-ներ են ընկնում, եւ, բնականաբար, դա ԻԻՀ-ի ազգային անվտանգության հարց է առաջացնում: Շատ բնական է, որ նրանք ամրացնում են սահմանները:

-Ամեն դեպքում, դա ի՞նչ կարող է փոխել առկա իրավիճակում:

-Կարծում եմ՝ նրանք ավելի շատ պատրաստվում են այն հանգամանքին, որ եթե Թուրքիան անմիջական մասնակցություն ունեցավ (հիմա Թուրքիայի գործողությունը դեռ միջնորդավորված է, այնուամենայնիվ, իր զորքն անմիջական մասնակցություն չունի այս ամեն ինչին), կտեսնենք Իրանի արձագանքը շատ ավելի կոշտ ձեւով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter