HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա․Հովհաննիսյան․ «Ռազմաճակատում ցանկացած խայտառակություն Ադրբեջանը փորձում է փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով»

Հոկտեմբերի 7-ին մի քանի անգամ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և այլ բնակավայրեր ենթարկվել են ադրբեջանական զինված ուժերի հրետակոծություններին, կան տուժածներ։ Շուշիի մշակույթի տանը հարվածելուց հետո քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են եղել։ Այս մասին հոկտեմբերի 7-ի երեկոյան Գորիսում կայացած մամուլի ասուլիսին հայտնեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական կողմն այսօր մինչև կեսօր ունեցել է 280 զինծառայողի և ահաբեկչի, 60-80 խոցված զրահատեխնիկայի կորուստ։ Զգալի թվով զրահատեխնիկա սարքին վիճակում մնացել է մեր զինծառայողների ձեռքին»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կան երկրներ, որոնք օգնում են հայկական կողմին մարտի դաշտում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ զինված ուժերն այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակը տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր զինված ուժերի և ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ 

Ինչպես տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչը, վերջին 20-30 տարում այս տարածաշրջանում այսպիսի խիտ մարտական գործողություններ, ցամաքային այսպիսի մեծ ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու միջոցների, ԱԹՍ-ների ներգրավվածություն պատերազմի մեջ շատ քիչ է եղել։

«1990-1994 թվականների ընթացքում Ստեփանակերտը Շուշիից ենթարկվում էր ծանր ու հուժկու հարվածների։ Միայն «Գրադ» զինատեսակներից մոտավորապես 20 000 արկ էր արձակվում Ստեփանակերտի վրա։ Այսօր գրեթե ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանի զինված ուժերի համար ուղղակի հեռահարության առումով հասանելի չէ սովորական հրետանիով խոցել Ստեփանակերտը, կիրառվում են ավելի հզոր միջոցներ։ Ադրբեջանի զինված ուժերի ցանկացած խայտառակություն ռազմաճակատում փորձում են փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով»,- ասաց նա։

Այսօր փրկված 19 զինծառայողների մասին խոսելիս վերջինս նշեց, որր նրանց անունները զոհվածների ցուցակի մեջ չկային։ 

Անդրադառնալով ադրբեջանական խոցված ԱԹՍ-ների՝ Վրաստանիտարածքում հայտնվելուն՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ինչպես վտանգված է Իրանի սահմանը, այնպես էլ կարող է վտանգված լինել Վրաստանինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter