HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

93 վիրավոր, 20 զոհված քաղաքացիական բնակչության շրջանում. կորուստները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ

Այսօր առավոտից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները՝ ինչպես հյուսիսում, այնպես էլ՝ հարավային ուղղությամբ, ըստ որում՝ հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով ու առավել սաստիկ հարձակում են նախաձեռնել։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայկական Զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ՝ հակառակորդին հետ շպրելով դեպի ելման բնագծերը։

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ նման մանր փորձեր կատավել են նաև այլ ուղղություններով, իսկ այս պահին համառ մարտեր են ընթանում՝ հատկապես հարավային ուղղությամբ։

Հովհաննիսյանն ասաց, որ ասօրվա ընթացում և անցած ողջ գիշերը հրթիռակոծվվել են  Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ, արդյունքում կան վիրավորներ նաև լրագրողների մեջ։ Այսօրվա ընթացքում երկու անգամ Ադրբեջանի զինված ուժերը դիտավորությամբ հրթիռային հարվածներ են հասցվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքին, որի արդյունքում վանքը զգալիորեն տուժել է, տուժել են նաև քաղաքացիական անձինք, որի վերաբերյալ ավելի մանրամամասն տեղեկություններով հանդես կգա Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Եթե ամփոփենք ադրբեջանական ագրեսորների հարվածները քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում, ունենք հետևյալ պատկերը․ ընդհանուր առմամբ՝ կա 93 վիրավոր, որից միայն 20-ի վիճակն է գնահատվում թեթև կամ միջին ծանրության, կա 20 զոհված՝ չհաշված ՀՀ տարածքում 1 զոհը, հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս տվյալներում ներառված չեն այսօրվա և գիշերվա ընթացքում եղած կորուստները. սրանք, փաստացի, հոկեմբերի 7-ի դրությամբ ամփոփված տվյալներն են։

Ա. Հովհաննիսյանը, խոսելով վիրավոր զինծառայողների մասին, ասաց, որ մոտ 30%-ը մեկ օրվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք. 

«Սա բավականին լավ ցուցանիշ է կոնֆլիկտների ժամանակ, հատկապես եթե հաշվի առնենք, որ  կողմերը հրետանային միջոցները կիրառում են շատ խիտ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչպես ստացվեց, որ լրագրողները կրակի տակ ընկան, ինչպես է նրանց վիճակն ու ինչպես հետագայում  խուսափել նման դեպքերին։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ լրագրողներից մեկի վիճակը, իրեն հայտնի տեղեկության համաձայն, ծանր է, մյուսների առողջական վիճակի մասին խոստացավ տվյալներ ճշտել և հրապարակել ավելի ուշ։

Հարցին՝ թե ինչպես պետք է լրագրողները խուսափեն վտանգավոր իրավիճներից, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, խուսափելու տարբերակը, թերևս, հրթիռակոծվող տարածքներ չգնալն է։

«Բայց դուք ցանկանում եք աշխատել, և դա նորմալ է, մարդկային է»,- լրագրողներին դիմելով՝ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ առաջին անգամը չէ, որ հակառակորդը թիրախավորում է հայկական կողմի սրբավայրերը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝  արդյոք Շուշիին հասցված հարվածին հայկական կողմը պատրաստվում է համաչափ պատասխան տալ. 

«Եթե դուք համաչափ պատասխան ասելով նկատի ունեք, օրինակ, հարվածել մշակութային որևէ կենտրոնի, իհարկե ոչ, նման բան չի լինի»․- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter