
Վլադիմիր Պուտինը խորհրդակցությունների նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրել է Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ղարաբաղյան վերջին հակամարտության շրջանակներում գերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների նպատակով, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրել է Մոսկվա։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները՝ մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինները և գերիներին փոխանակելու համար։
Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով, ՌԴ արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ, հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ kremlin.ru-ի
Մեկնաբանել