
Արցախի թեմի առաջնորդ․ «Այսօր մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մենք մեզ և մեր Աստծուն»
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը թիրախավորեց նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ Ադրբեջանը հատուկ փորձել է «մեր խաչի նշանը վիրավորել և մեզ հուսահատեցնել»։
«Սա միջազգային տեռորի ձեռագիրն է։ Մեր գործն արդար է, ամեն մարդ, ամեն պետություն, ամեն ազգ իրավունք ունի պաշտպանվելու, ինչն էլ մենք անում ենք, մենք խաղաղ ժողովուրդ ենք, և ոչ մեկի մահը չենք ցանկանում։ Սա մեր ճակատագիրն է, մեր փորձությունն է։ Ամեն մարդ նա է, ինչպիսին դուրս է գալիս այդ փորձությունից։ Այսօր մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մենք մեզ և մեր Աստծուն։ Վստահ եմ՝ դուրս ենք գալու այս փորձությունից»,- ասաց նա։
Արքեպիսկոպոսը հայտնեց, որ 1990-ականներին նրանք նորից թիրախավորել էին Գանձասարը, Ամարասը և նույնիսկ Գյուլիստանի Ամենափրկիչ եկեղեցին։
«Այն ժամանակ շահումյանցիներից ոմանք չէին հասցրել փախչել, 7 հոգու գլուխը կտրել, գցել էին խորանի վրա և գմբեթը պայթեցրել։ Նույն բարբարոսների ձեռագիրն է։ Մենք մզկիթների ձեռք չենք տվել, նույնիսկ Շուշիի մզկիթը մեր կարողությամբ նորոգել ենք»,- հայտնեց Պարգև սրբազանը։
Վերջինիս խոսքի ընթացքում լսվեցին ձայներ։
«Խփում են, լսում ենք դմփոցները, քաղաքին են կրակում»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը, ապա հավելեց․ «Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։ 18-20 տարեկան տղաններն, իրոք, հերոսների հերոսն են»։
Պարգև սրբազանը շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին այսպիսի հերոս տղաներ դաստիարակելու համար և նշեց, որ համազգային ուժերով կվերականգնենք ավերված քաղաքներն ու եկեղեցին։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել