
Ռազմական դրության կանոնները խախտելու համար պատասխանատվության միջոցների փաթեթն ընդունվեց
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ընդունվեց 80 կողմ ձայնով: Այս նախագծերի էությունն, ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ կեղծ տեղեկությունների տարածումը կանխարգելելն է:
Առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են եղել, մասնավորապես ավելացվել է թե՛ լրատավական, թե՛ ոչ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար տուգանքների չափը:
Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 1 միլիոնից մինչև 1,5 միլիոն դրամ:
Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝ 700 հազարից մինչև 1 միլիոն դրամ տուգանք:
Ամրագրվել է նաև, որ վարչական իրավախախտումներ քննելու իրավասություն ունեցող մարմին կհամարվի նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս որոշակի լիազորություններ ունի տեսալսողական մեդիածառայություն մատուցող, լրատվական գործունեություն իրականացնողների ոլորտում:
Ըստ նախագծի` ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով` 200 հազարից 300 հազար դրամ:
Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ:
Սահմանված սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 500 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ:
Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` 100 հազարից մինչև 200 հազար դրամ:
Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 500 հարյուր հազարից մինչև մեկ միլիոն դրամ:
Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով` 300 հարյուր հազարից մինչև 500 հազար դրամ:
Ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով` 400 հազարից մինչև 700 հազար դրամ:
Կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ` դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված այլ միջոցառումները և սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Փոփոխություններ են նախատեսվել նաև քրեական օրենսգրքում, ըստ որի՝ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությանը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև վեց տարի ժամկետով:
Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով:
Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով:
Մեկնաբանել