
100 դրամ՝ մեկ ընկույզի դիմաց. «Վաճառքի գումարը՝ զինվորին»
«Վաճառքի գումարը՝ զինվորին» գրությունը ձեռքին արդեն 3 օր է Արմավիր քաղաքի մարդաշատ փողոցներում, օրվա տարբեր ժամերին, քաղաքացիները տեսնում են ընկույզ վաճառող 6-ամյա Վահեին: Տղան որոշել է գումար աշխատել և իր անունից օգտակար լինել Արցախում կռվող զինվորներին:
«Որոշեցի գամ ստեղ, որ փող աշխատեմ, զինվորներին փող ուղարկեմ, որ զենք առնեն, հաղթենք»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Վահեն:
Այսօր նույնպես Վահեն եղել է քաղաքի տարբեր մասերում: Վերջին հանգրվանը խանութի մոտ էր: Ասում է, որ այնտեղ շատ մարդ է իրեն տեսնում, և վաճառքը շատ է լինում:
Վահեն ընկույզը վաճառում է հատով՝ 100 դրամ: Դասերից անմիջապես հետո՝ մինչև ժամը 18:00, վաճառք է իրականացնում, որպեսզի հասցնի գնալ «Հայփոստի» մոտակա բաժանմունք և օրվա գումարն անձամբ փոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Չհաշված վերջին 2 օրվա ընթացքում աշխատածը, հիմնադրամին փոխանցել է արդեն 77 450 դրամ:
«Մայրիկիս հեռախոսով նայեցի, թե ոնց են տղաներն ավտոները կանգնեցնում փող հավաքում, ես էլ որոշեցի գումար հավաքեմ»,-ասում է Վահեն:
Տղան խիստ վիրավորվում էր, երբ անցորդները գումար էին գցում հատուկ արկղի մեջ, սակայն ընկույզ չէին վերցնում: Նրանցից մեկը 2000 դրամ գցեց, վայրկյանների ընթացքում տղան հաշվեց ու բարձրաձայնեց՝ 20 հատ պոպոք: Կռացավ փոքր դույլի վրա, որ ընկույզները հաշվի: Անցորդն ասաց, որ ընկույզ չի ցանկանում վերցնել, ինչից Վահեն վիրավորվեց. «Ես գումար չեմ հավաքում, պոպոք եմ վաճառում»:
Ամեն անգամ ընկույզ վաճառելուց հետո տղան մի քանի պտույտ ցատկոտում էր իր աթոռի շուրջ, նորից գալիս էր ու նստում տեղը: Հերթական անգամ ոգևորությունն արտահայտելուց հետո դժգոհեց, որ մայրիկը շատ չի թողնում իր հեռախոսից օգտվել, սակայն պատերազմին հետևում է հեռուստացույցի միջոցով՝ լուրերը լսելով:
«Ես վախենալու ոչ մի բան չունեմ, պապաս էլ ա գնալու կռիվ»,- ինքնավստահ հայտարարեց տղան:
Վահեն սովորում է առաջին դասարանում: Արդեն որոշել է, որ «սնայպերիստ զինվոր» է դառնալու: Մայրը պատմեց, որ շատ փոքրուց սիրել է զինվորականների մասին հաղորդումներ դիտել: Նույնիսկ ծնողներին ստիպել է, որ քաղաքը ոտնատակ տան, որպեսզի իր համար տանկի նկարով դպրոցական պայուսակ գնեն: Իսկ տանը երբեմն քայլում է զինվորների նման: Ինքն իրեն զինվորական հրահանգներ է տալիս, շարք է կանգնում ու զինվորականի կեցվածքով քայլում սենյակից սենյակ:
Հարցրինք, թե ինչ է ցանկանում ասել զինվորներին, առանց երկար մտածելու պատասխանեց. «Թող զինվորները չզոհվեն, առողջ մնան»:
Տղային ընկույզ վաճառելու ժամանակ ուղեկցում է մայրը՝ Սիրվարդ Աբգարյանը: Նա պատմեց, որ որդին հեռուստացույցով լսել է, որ Համահայկական հիմնադրամը գումար է հավաքում զինվորների համար, անընդհատ ծնողներին ասել է, որ իրենք էլ օգնեն: Հատկապես ոգևորվել է, երբ դիտել է ամերիկահայերի բազմահազարանոց ցույցն ու դրամահավաքը:
Սկզբում Վահեն որոշել է իր խաղալիքները վաճառել, որից ստացած հասույթը ուղղել հիմնադրամին, սակայն խաղալիքները քիչ են եղել. դրանից շատ գումար չէր կարողանա վաստակել:
3 օր առաջ Վահեի հայրիկը գնացել է գյուղ՝ ծանոթ զինվորներից մեկից տեղեկություն իմանալու: Գյուղից հայրիկի միջոցով Վահեին ընկույզ են ուղարկել: Տղան միանգամից որոշել է, որ այդ ընկույզը չեն ուտելու և հատով վաճառելու են, իսկ ստացված գումարն ինքն անձամբ փոխանցելու է Համահայկական հիմնադրամին:
Ընկույզի վաճառքից առաջին օրը Վահեն հավաքել է 7450 դրամ: Ընկույզը վերջացել է, և արմավիրցի տղաները Վահեին ընկույզ են նվիրել, որ տղան շարունակի վաճառել: Որպեսզի չսահմանափակվի միայն անցորդներին ընկույզ վաճառելով, երեկ այցելել է հիվանդանոց և մեկ առ մեկ թակելով բժիշկների դռները նրանց ընկույզ է առաջարկել: Երեկ արդեն հավաքած գումարի չափը հասել էր 70 000 դրամի:
Տղայի ընկույզներն արագ սպառվել են. և այսօր ընկույզը գնել են Վահեի ծնողները, որ տղան հատով վերավաճառի:
Վահեին հարցրինք, թե արդյոք չի հոգնել ժամեր շարունակ փողոցներում անցկացնելով, գլխի շարժումով բացասական պատասխան տվեց, ապա կտրուկ պատասխանեց. «Ես չեմ հոգնում»:
«Բացարձակ չի ասում, որ հոգնել է, էլ չի ուզում: Ինքը շատ է ոգևորվում, որ կարողանում է օգտակար լինել: Այսօր նույնիսկ տանը հաց չկերավ, որպեսզի շտապ գնար ընկույզ վաճառելու: Փողոցում թեթև մի բան եմ գնել, որ ուտի, սոված չմնա: Ոգևորությունն ավելի է մեծանում, երբ ինքն է գալիս «Հայփոստ» և իր ձեռքով գումարը հանձնում աշխատակցին, որ փոխանցում կատարվի հիմնադրամին: Կտրոնն էլ վերցնում է ու ուրախ-ուրախ տուն գնում»,- ասում է Սիրվարդ Աբգարյանը:
Վահեն հստակ որոշել է, որ ընկույզ վաճառելու է այնքան, մինչև պատերազմն ավարտվի: Տղան արդեն «կանխատեսել» է, որ պատերազմը շուտ է ավարտվելու:
Մեկնաբանել