HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է»

Հոկտեմբերի 9-ի առավոտյան մարտական գործողությունները վերսկսել են նոր թափով ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում այսօր նույնիսկ առավել շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, սակայն առավել ծանր և համառ մարտեր են եղել հարավային ուղղությամբ։ Այս պահին ևս մարտերը շարունակվում են։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Մարտական գործողությունները առանց դադարի շարունակվել են բոլոր ուղղություններով՝ անգամ ժամը 17:30-ին սկսված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում։

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմից տարածվող այն տեղեկատվությանը, որը իբրև թե գրավել են Ջաբրայիլը, Հադրութը և հարակից գյուղերը. «Դա մեղմ ասած ծիծաղելի էր, որովհետև հենց այդ ժամանակ ես գտնվում էի Հադրութում և որևէ նման բան չկար։ Ավելին ասեմ՝ կոնկրետ այդ ուղղությամբ մերձարաքսյան հովտից մի փոքր հյուսիս, ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանական կողմը երկու տասնյակին մոտ զինտեխնիկայի կորուստ է ունեցել։ 

Պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական օպերացիայի ինտեսիվությունը շատ ավելի բարձր էր, որը զինված ուժերը կասեցրել են, չնայած որոշակի դիրքեր կորցրել են, բայց օպերացիայի տեմպը, ըստ Հովհաննիսյանի, հատկապես հյուսիսում և հարավում կոտրվել է։

«Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։ Կամ միտումնավոր կամ հանգամանքներն են այդպիսին։ Որովհետև ռազմի պատմության մեջ մենք շատ ենք տեսել այդպիսի դեպքեր, երբ շատ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում։ Այսինքն՝ անհաջողությունները վերև չեն բարձրանում։ Շատ հնարավոր է ինքը (Իլհամ Ալիևը, խմբ.) հայտնվել է նույնիսկ այդ ծուղակում»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց նաև կանանց ռազմաճակատում գտնվելու պատմությունները։

Այսօր հանդիպել է հինգ հակատանկիստ պայմանագրային զինծառայող կանանց, որոնք շահագործում են զինված ուժերի լավագույն հակատանկային միջոցներից մեկը։ Հովհաննիսյանի խոսքով՝ ռազմի դաշում իրենց հիանալի են դրսևորում։

Ռազմաճակատում կան նաև դիպուկահար կանայք, հրետանավոր կին, վաշտի հրամանատար աղջիկ: 

«Մեր աղջիկները, կանայք, քույրերը ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են։ Երկու օր առաջ ծանոթացել եմ աղջկա հետ, որն իր վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ»,-եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter