HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագետ․ «Սա Թուրքիայի ուղերձն է Ռուսաստանին առ այն, որ վերջինս պետք է հրաժեշտ տա իր ռազմաքաղաքական մենաշնորհին Հարավային Կովկասում»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, երեկ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների ավելի քան 10 ժամ տեւած հանդիպումից հետո հայտարարվեց հումանիտար հրադարդարի մասին։ Սակայն Ադրբեջանը կրկին խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը՝ շարունակելով գրոհը Արցախի հարավային ուղղությամբ։ Կարելի՞ է ասել, որ սա իրականում Թուրքիայի միջնորդավորված ուղերձն է պաշտոնական Մոսկվային։

-Այո, կարծում եմ, որ սա իսկապես Թուրքիայի ուղերձն է Ռուսաստանին առ այն, որ վերջինս պետք է հրաժեշտ տա իր ռազմաքաղաքական մենաշնորհին Հարավային Կովկասում: Այստեղ հայտնվել է մի հզոր խաղացող, որը պատրաստվում է մինչ այս պատերազմն առկա ուժերի հավասարակշռությունը խախտել եւ արմատապես վերաձեւել տարածաշրջանի քաղաքական քարտեզը:

-Իսկ Ռուսաստանը պատրա՞ստ է իր մենաշնորհային դիրքից հրաժարվել։

-Ռուսաստանի համար այս զարգացումները մահացու վտագ են պարունակում․ սա ինչ-որ մի տարածաշրջաում պարզապես մենաշորհ կորցնելու խնդիր չէ՝ Հարավային Կովկասը Թուրքիայի տնօրինությանը հանձնելու դեպքում շատ չանցած Կրեմլը կբախվի ՌԴ պետության լինել-չլինելու լրջագույն մարտահրավերի հետ, ու ես շատ եմ կասկածում, որ եթե գործն այդտեղ հասնի, հնարավոր կլինի կասեցնել ռուսական պետականության փլուզումը:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր է լուծում Էրդողանն Ադրբեջանի միջոցով։

-Էրդողանի գերխնդիրն է հնարավորինս արագ Ադրբեջանը վերածել ամբողջությամբ Անկարայի խիստ վերահսկողության տակ գործող ապակայունության տարածաշրջանային օջախի: Այդ օջախի հիմնական դերն է լինելու Ռուսաստան-Իրան ցամաքային անխափան կապի խզումը եւ ահաբեկչական խմբավորումների՝ Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիա եւ Իրանի հյուսիսային շրջաններ ներթափանցելու գործընթացի ապահովումը:

Անկարան արդեն իսկ հազարավոր ծայրահեղական զինյալներ է «արտահանել» Ադրբեջան, բայց դա դեռ բավարար չէ․ հավանաբար, հենց ներսում ակտիվացվելու եւ այդ ահաբեկչական խմբերի հետ միավորվելու են նաեւ տեղի ծայրահեղական հայացքներ ունեցող տարատեսակ խմբավորումներ, այսինքն՝ պետք է իրականացվի իսլամիստական եւ պանթյուրքիստական գաղափարախոսությունների որոշակի տեղայնացում ու հիբրիդացում այն հաշվարկով, որ այդ նոր տեսակի կադրերը, շնորհիվ ադրբեջանական շիադավան «թարմ արյան» ներարկման, ավելի հեշտ կկարողանան ներթափանցել մի կողմից Իրան, իսկ մյուս կողմից, շնորհիվ խորհրդային անցյալով պայմանավորված ընդհանրությունների, Ռուսաստան ու Կենտրոնական Ասիա:

-Մոսկվայի հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե ոչ ոք չի կարող շեղել իրենց ճանապարհից, իրենք մարտի դաշտում փոխել են ստատուս քվոն, եւ այլեւս ստատուս քվո չկա։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Արդյոք սա ներքին լսարանի համար է։

-Ստատուս քվոն խախտված է առնվազն քաղաքական հարթությունում: Հին ստատուս քվոն այլեւս անվերականգնելի է: Ուստի նախազգուշացնում եմ հայ բանակցողներին ու պատասխանատու պաշտոնատարներին՝ մեր նախկին բանակցային մոտեցումներն ու բառահումքն այլեւս չեն կարող արդյունավետ լինել: Ավելին՝ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պայմաններում անհրաժեշտ է մի շարք կոնկրետ փոխկապակցված քայլեր կատարել՝ հակառակորդի իրավաքաղաքական հիմնավորումները չեզոքացնելու համար: Ճակատում մեր ունեցածը սովորական դարձած փուչ ճամարտակություններով չմսխենք:

-Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ Միջազգային հանրությունը պատրա՞ստ է դրան։

-Մեր դիվանագիտության խնդիրն է հնարավորինս արագ նախապատրաստել ու խթանել Արցախի ինքնիշխանության միջազգային ճանաչման գործընթացը: Հեշտ չի լինելու՝  եւ՛ ռազմաճակատում, եւ՛ դիվանագիտական ճակատում մեր դեմ գործելու են փոխկապակցված հզոր ուժեր: Մենք պետք է ապավինենք ինքներս մեզ, բայց նաեւ իմանանք, որ կունենանք մեզ հետ իրենց արմատական շահերով կապված շատ ազդեցիկ դաշնակիցներ:

Լուսանկարը՝ Ա․ Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter