HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱՄՆ-ում հանրապետականներ կան, որ համակրում են հայերին»

Հոկտեմբերի 8-ին ամերիկյան մի շարք քաղաքներից հայերն ավտոերթով Վաշինգտոն էին գնացել՝ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ահաբեկչական գործողությունների մասին բարձրաձայնելու համար։ Հավաքը տեղի էր ունեցել Սպիտակ տան շրջակայքում։ Մասնակիցները կոչ էին արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կանգնել արդարության կողքին, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։

Այդ հավաքների ազդեցության մասին զրուցել ենք հոգեբան-վերլուծաբան Արմինե Ղազարյանի հետ, ով այս օրերին եւս ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ում կազմակերպվող բողոքի ակցիաներին։

-Ձեր կարծիքով՝ այսպիսի հավաքները, բողոքի ցույցերն արդյոք կարող են ազդել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման վրա։

-Պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման վրա ավելի հետաքրքիր ու ազդեցիկ լծակներ կան, իհարկե, որ կարող են օգտագործել թե՛ Հայաստանի կառավարությունը տարբեր մակարդակներով, թե՛ ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունները, որոնք էլ լծված են այդ գործին։ Թրամփը, ինչպես եւ յուրաքանչյուր անձ, եւս ունի իր ֆավորիտ մարդկանց, իր համակրած կերպարները քաղաքական գործիչների եւ հայտնի մարդկանց մեջ։ Թրամփի դեպքում կարեւոր է հասկանալ, որ նա քաղաքական գործիչ չէ, որը կարող էր իրեն թույլ տալ ընդունված կանոններից դուրս մտածել եւ գործել։

Մեզանում մի կարծրատիպ կա, որ եթե դեմոկրատ է, ապա հայամետ կոնգրեսականների միջոցով միայն պետք է աշխատել, եթե հանրապետական է, մոտեցումը դժվար է։ Դա միֆ է, հանրապետականներ կան, որ համակրում են հայերին, ու որոնց համակրում է Թրամփը, որի սուբյեկտիվ վերաբերմունքը կարելի է օգտագործել։

Ընդհանրապես մի կապի բացակայություն կա այս ամենում՝ հայկական կառավարության եւ հին սփյուռքի միջեւ՝ պահանջների, կարիքների ձեւակերպման հարցում։ Իսկ այս բողոքի ցույցերն ու հավաքները, եթե նույնիսկ էական ազդեցություն չունենան, մի քանի գործոնով անշուշտ կարեւոր են ու որոշակի հարցեր են լուծում։

-Որո՞նք են այդ գործոնները։

-Սփյուռքի, սփյուռքահայի համար լուծվում է մի քանի հարց․

1․ Միասնականության զգացումը․ էթնիկական պատկանելիության «կանչ», որը գտնում է իր ժամանակավոր «խումբը», էներգիա մոբիլիզացնում եւ պարպում, եթե հնարավոր չէ լինել Հայաստանում։ Մարդիկ ուղղակի պարալիզացված են իրենց առօրյայում, ավելին ասեմ՝ գրեթե առօրյա չեն կարողանում կազմակերպել, փոխարենը բոլորը «սերտաճել» են իրենց ինֆո աղբյուրներին։

2․ Բարձրաձայնելը, ճանաչելի դարձնելը, հակամարտության մասին ադեկվատ ուղերձներ հղելը։

3․ Ֆինանսական հավաք․ հավաքվում են, կազմակերպում եւ փոխանցումներ անում, իսկ դա ավելի շատ է, ու յուրաքանչյուրի նվիրատվության չափը իր կոմֆորտի զոնայից դուրս է, ավելին է, քան տանը յուրաքանչյուր հայ իր սրտից, հոգուց ու հնարավորությունից բխած սուսուփուս հիմնադրամին է փոխանցում։  

Հավատացեք, այդ մթնոլորտը ստեղծելը շատ կարեւոր է ու հետո՝ մթնոլորտի ստեղծածն է կարեւոր դառնում։

4․ Հատկապես այսօրվա պատերազմի դեպքում Հայաստանը պիտի ամրապնդի իր դիրքերը՝ օգտագործելով առաջին քրիստոնյա լինելու փաստը՝ որպես քրիստոնեության կղզյակ։ Դա կարեւոր PR է այսօր՝ ի հակադրություն ծայրահեղական իսլամիստների, որոնց հետ ասոցացնում են Մերձավոր Արեւելքի ահաբեկիչներին, որոնք այսօր կռվում են Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ շատ կարեւոր փաստերով կարող ենք խարսխել մեր դերն ու տեղը աշխարում՝ Ադրբեջանին հետայսու ասոցացնելով ահաբեկչության հետ։

Օրինակ, Թրամփի վարչակազմի ու ընդհանրապես հանրապետականների հիմնական հենարանը քրիստոնյա պահպանողականներն են, որոնց, օրինակ, կարելի էր «թիրախավորել», աշխատել՝ նրանց սիրտն ու միտքը գրավելու համար։ Ի դեպ, այս օրերին նկատվում են ամերիկյան պահպանողական հեղինակավոր հրատարակչությունների հայամետ հոդվածներ ու առանձին գործիչների դիրքորոշումներ։

-Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ Օրինակ՝ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքն արդեն ճանաչել է ԼՂՀ անկախությունը։ Պատերազմական այս փուլում սա ի՞նչ կարող է տալ Արցախին, եւ ըստ այդմ՝ տարբեր երկրներում հայկական համայնքները կարո՞ղ են ազդեցության գործակից դառնալ։

-Համայնքային մակարդակով լուծելու հարց չի դա, նույնիսկ քաղաքային կամ ԱՄՆ-ում՝ նահանգային։ Իհարկե, կլինեն լծակներ, համակրություն, բայց ի վերջո դա երկրի աշխարհաքաղաքական շահերից բխող խնդիր է։

Ճանաչումը, իհարկե, կարող է ազդել պատերազմի ընթացքի վրա եւ նույնիսկ կանգնեցնել պատերազմը։ Այսօր մեր առաջնային, հրատապ խնդիրը ռազմական դաշտում հաղթելն է ու ամրապնդել հաղթանակը՝ զուգահեռ աշխատելով ճանաչման ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter