HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ա. Հովհաննիսյան․ «Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները»

Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, և՛ հարավային և' հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ։ Մասնավորապես՝  գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ, ու հյուսիսային ուղղությամբ կրելով 2 զրահատեխնիկայի կորուստ՝ հետ են շպրտվել։ Հարավային ուղղությամբ ևս եղել է որոշակի առաջխաղացում, որը կասեցվել է։ Օրվա ընթացքում խոցվել է մեկ անօդաչու թռչող սարք։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ որոշ հատվածներում, իհարկե, պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում չի իրականացվել։ Նման պայմաններում հնարավոր չի եղել  զոհվածների մարմինների, ինչպես նաև գերիների փոխանակում իրականացնել։

«Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես՝ օդային ղեկավարման կետերի կառավարմամբ, 6 միավոր թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ, իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին։ Այդ գործողությունները կասեցվում են Պաշտպանության բանակի ՀՕՊ միջոցների կողմից»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով նաև, որ երեկ գիշերը կրկին հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Ի պատասխան լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցի՝ Հովհաննիսյանը նշեց, որ Ստեփանակերտը հրթիռակոծվել է հեռահար, մեծ տրամաչափի համազարկային կայանքներից, որոնցով նախկինում ևս հրթիռակոծվել է։

Այսօր ադրբեջանական կողմը շարունակել է հայտարարություններ տարածել, որ հայկական զինված ուժերը խախտում են հրադադարի ռեժիմն ու մեծ տրամաչափի զինատեսակներով հարվածում։ Արծրուն Հովհաննիսյանը պնդեց, որ այդ հայտարարությունները կեղծ են։

«Ադրբեջանը փորձում է սադրանքի հիքմեր ստեղծել իր հետագա  գործողություների համար»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter