
Թուրքական պատվիրակությունը Սևծովյան տնտեսական վեհաժողովում փորձել է ընդհատել հայաստանյան պատվիրակության հայտարարությունը
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը հայկական պատվիրակությունը սկսել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին հայտարարությամբ: Հայաստանյան պատվիրակությունը նախ այդ հայտարարությունն ուղարկել է վեհաժողովի անդամ երկրներին, ապա հեռավար նիստի սկզբում այն ընթերցել է պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը: Այս մասին խորհրդարանում հոկտեմբերի 12-ի ասուլիսին ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը` պատվիրակության անդամների հետ ամփոփելով հերթական նիստի աշխատանքները:
«Սևծովյան տնտեսական համագործակցությունը ամենաբարդ հարթակներից է, 12 երկիր կա, բոլորը բոլորի հետ ինչ-որ կոնֆլիկտներ ունեն, այդ թվում նաև մենք: Տնտեսական կազմակերպություն է կոչվում, բայց, ցավոք սրտի, փորձ է արվում օգտագործել որպես քաղաքական հարթակ»,- ասաց Բաբկեն Թունյանը:
ԱԺ փոփխոսնակ Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ վեհաժողովի կենտրոնը Ստամբուլում է, իսկ կառույցի գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է։
«Տիկին Բեղլոյանը նախապես համաձայնեցված հայտարարությունը ներկայացրեց 12 պետությունների ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս հստակ հասկանան՝ տարածաշրջանում ինչ է սանձազերծվել, ինչ ձևակերպումներով ու ինչ փաստերով: Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչները փորձեցին խանգարել այդ հայտարարությանը` խնդրելով օրակարգին վերադառնալ»,- ասաց Էնֆիաջյանը:
Պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ընդգծեց` անկախ նրանից, թե որ երկրի պատվիրակության փաստարկներն են ավելի համոզիչ եղել, սակայն փաստ է, որ վեհաժողովի յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի. «Կան երկրներ, որոնք, 100% իմանալով, թե որն է ճշմարտությունը, կարող են հակառակ վարքագիծ դրսևորել»,-ասաց Թունյանը` հավելելով, որ աշխարհի որևէ երկրի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Արցախի դեմ տեռորիստների, թուրքական տեխնիկայի համակցությամբ ալյանս է գործում:
Պատվիրակության անդամները շեշտեցին` անկախ քաղաքական հայացքներից՝ հանձնաժողովն աշխատել է միասնական ու համախմբված:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում տասնմեկ երկրների` Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա, ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով: Սերբիայի Հանրապետությունը՝ որպես անդամ պետություն, կազմակերպությանը միացել է 2004 թվականին:
Մեկնաբանել