HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արման Դիլանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ

Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) նախագահ էին ընտրում: Ինքնառաջադրվել էր մեկ թեկնածու՝ ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկությանը մասնակցել են ՍԴ բոլոր՝ 9 դատավորները, ինքը ստացել է 6 կողմ ձայն:

Արման Դիլանյանը նախկինում հայտարարել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ: Լրագրողները հիշեցրին Դիլանյանին նախկինում իր հայտնած տեսակետը:

«Այս իրավիճակում չեմ ուզում պաթոսային հնչի, բայց, իմ կարծիքով, մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել և պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ: Ես ասել եմ, որ չեմ ուզում լինել նախագահ և իրականում ինձ համար շատ ավելի գրավիչ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Հիմա էլ եմ այդ կարծիքին, և, ինչպես նկատում եք, այնպես չէ, որ շատ ոգևորված եմ, որ ընտրվել եմ Սահմանադրական դատարանի նախագահ: Պատկերացնում եմ՝ ինչ պատասխանատվություն է և ինչ աշխատանք  է մեզ սպասվում»,-ասաց Արման Դիլանյանը:

ՍԴ նորընտիր նախագահը հակիրճ պատասխանեց լրագրողների հարցերին եւ խոստացավ առաջիկայում մեծ հանդիպում կազմակերպել:

Այնուամենայնիվ, անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի հետ, որոնց հետ տարաձայնություններ կային, և ինչ վիճակ է այժմ ՍԴ-ում, Դիլանյանն ասաց. «Չկա դժվարություն, որ հաղթահարելի չլինի»:

ՍԴ նորընտիր նախագահը նշեց, որ գիծ է քաշում անցյալում կատարվածի վրա և նայում է դեպի ապագա։ Հիմա ամեն ինչ անելու է, որ ունենանք ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 25-ի աշխատակարգային նիստում կայացած գաղտնի քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը  Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ թվով ձայներ չէր ստացել: Ուստի կազմակերպվեցին նոր ընտրություններ:

Լուսանկարը՝ https://helpcourt.am/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter