
Արման Եղոյան. «Մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ»
Այս կռիվը Արցախի համար չէ, տարածաշրջանը վերաձևելու փորձ է` նախաձեռնած Թուրքիայի կողմից:
Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Կարծում եմ` այլևս Ադրբեջանը չի որոշում` ինքը հարձակվի, չհարձակվի, նահանջի թե հրադադար հաստատի, այդ որոշումները կայացվում են Թուրքիայում, և մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ»,- նշեց Եղոյանը:
Ըստ պատգամավորի` նույնիսկ կարճատև հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու իրենց կորուստների իրական թվերի մասին տեղեկություններ ստանալ: Այդ թվերը ներքաղաքական լուրջ խնդիրներ են ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար:
«Հարձակվող կողմը մի քանի անգամներով ավելի շատ կորուստներ է կրում, և նման կորուստ կրել են ոչնչի կամ մեկ-երկու դիրքի կամ գյուղի դիմաց: Այս պահի դրությամբ դա տոտալ պարտություն է»,-ասաց նա` ընդգծելոց, որ դա է պատճառը, որ Ադրբեջանը հնարավորինս փորձում է բարելավել իր դիրքերը:
Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` միջազգային հանրությունը գիտակցում է, որ այս ամենը ոչ տարածքի, ոչ էլ ինքնորոշման իրավունքի վեճ չէ, այն գոյամարտ է:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե միգուցե այս պահին պատեհ պահն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, Արման Եղոյանն արձագանքեց` Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախի անկախությունը: Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանն է, Հայաստանն է, որ միջպետական վարկ է տրամադրում Արցախին:
«Մենք փաստացի հարաբերությունների մեջ ենք Արցախի հետ, սակայն, մեր ճանաչումը միջազգային տեսանկյունից շատ բան չի փոխի: Մեզ պետք է, որ այլ երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը: Եթե այլ երկրներ սկսեն փաստացի ճանաչել, բարձր մակարդակով պատվիրակություններ գան Արցախ, համագործակցության այնպիսի ձևաչափ ստեղծվի այնպիսի, ինչպիսին մենք ունենք, արդեն մեծ առաջընթաց կլինի»,- ասաց Արման Եղոյանը:
Պատգամավորն ընդգծեց` ճանաչման տարբեր մակարդակներ կան, անպայման չէ, որ հենց հիմա տարբեր երկրներ Արցախը ճանաչեն որպես անկախ պետություն, Արցախի դեսպանություն բացեն տվյալ երկրում. այն ճանաչման վերջին փուլն է:
Խոսելով այս պատերազմում Ռուսաստանի դերի մասին՝ պատգամավորն ընդգծեց` վերջինս խաղում է կառուցողական դեր, ՌԴ-ն բոլոր մակարդակներում ներգրավված է բանակցություններ վերսկսելու համար: Եղոյանը դրական գնահատեց ՌԴ-ի դերը` նկատելով, որ վերջինս իրենից կախված հնարավորն անում է հրադադար հաստատելու համար:
Ըստ Եղոյանի` այն երկրները, որոնք ձեռնպահ են մնում թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իրենց դիրքորոշումը հայտնելուց, պետք է հասկանան` այս տեռորիզմը չի սահմանափակվելու միայն այս տարածաշրջանով, տարածվելու է ամբողջ Եվրոպայում:
Մեկնաբանել