HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միքայել Զոլյան. «Ալիևյան ռեժիմի սանձազերծած պատերազմը բազմաթիվ նոր փաստարկներ է տվել Արցախի միջազգային ճանաչման օգտին»

Սեպտեմբերի 27-ից սկսած արցախաադրբեջանական սահմանին ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում: Թուրք-ադրբեջանական նախահարձակ գործողությունների առաջին իսկ օրերից Սփյուռքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ խոշոր ակցիաներ են իրականացնում` պահանջելով Եվրոպական Միության անդամ երկրներից և ԱՄՆ-ից գործուն քայլեր ձեռնարկել` ահաբեկչական գործողությունների դադարեցման համար: Ակցիա իրականացնողները պահանջում են նաև խոշոր գերտերություներից ճանաչել Արցախի անկախությունը:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ:

Պարոն Զոլյան, Դուք ֆեյսբուքյան գրառմամբ կոչ էիք արել սփյուռքին համախմբվել և թիրախավորել ակցիաները, ի՞նչ ազդեցություն են ունեցել Ձեր կոչերը, և հատկապես ո՞ր համայնքներն են ավելի աչքի ընկել ակտիվ ակցիաներով:

-Նախ, ասեմ, որ այնպես չէ, որ սփյուռքը մեր կոչերին էր սպասում, որպեսզի ձեռնարկի ակցիաներ: Պատերազմի առաջին իսկ օրերից սփյուռքի մեր հայրենակիցները շատ ակտիվ էին, առաջին իսկ օրերից մենք տեսել ենք բազմաթիվ մեծ ու փոքր ակցիաներ: Այս պահին չեմ ուզում առանձնացնել որևէ ակցիա, պարզ է, որ կան քաղաքներ, որտեղ հարյուր հազարավոր հայեր են ապրում, և քաղաքներ, որտեղ մի քանի հայ ընտանիք կա, բայց այս պահին մեզ համար կարևոր է ցանկացած աջակցություն: Ինչ վերաբերում է իմ կամ իմ գործընկերների հայտարարություններին, ապա մենք պարզապես այս օրերին շատ հարցեր ենք ստանում սփյուռքից, և այդ հարցերին պատասխանելով, փորձում ենք օգնել, անել այնպես, որ այդ ակցիաների ուղերձները ճիշտ ձևակերպված և փոխլրացնող լինեն Հայաստանից և Արցախից եկող ուղերձներին:

Ըստ Ձեզ` այդ ակցիաներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ, հնարավո՞ր է, որ որոշ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչման հարցում Սփյուռքն իր ներդրումն ունենա:

-Ակնհայտ է, որ միայն այդ ակցիաներով այդ հարցը չի լուծվի: Ընդհանրապես, միջազգային ճանաչման խնդիրը բարդ և երկարատև գործընթաց է լինելու: Բայց այսօր, ալիևյան ռեժիմի սանձազերծած պատերազմը բազմաթիվ նոր փաստարկներ է տվել Արցախի միջազգային ճանաչման օգտին, և շատ կարևոր է հենց այսօր դրանք հնչեցնել, որպեսզի ճանաչման հարցը դառնա միջազգային օրակարգի մի մաս: Պետք է ցույց տալ, որ Արցախի միջազգային ճանաչումը կարող է դառնալ նրա բնակչության անվտանգության գրավականը: Կարևոր է նաև, որ այսօր սփյուռքը լծվի այդ խնդրի իրականացմանը, ինչպես դա միշտ եղել է Եղեռնի ճանաչման և դատապարտման խնդրում: Եվ արդյունքներ անպայման կլինեն, ինչպես եղել է նաև Եղեռնի ճանաչման հարցում: Այլ հարց է, որ ակնհայտ է` միայն սփյուռքի ջանքերով Արցախի խնդիրը չի կարող լուծվել, որոշիչ լինելու է մեր բանակի և դիվանագիտության դերը, նաև շատ բան է կախված միջազգային իրավիճակից և տարբեր գործող սուբյեկտների շահերի համադրությունից:

Որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ձեր միջազգային գործընկերներին ի՞նչ տեղեկություններ եք փոխանցում իրավիճակի վերաբերյալ և իրենցից ի՞նչ արձագանքներ եք ստանում:

-Մենք ակտիվ աշխատում ենք ինչպես այլ խորհրդարանների մեր գործընկերների, այնպես էլ միջազգային լրագրողական և փորձագիտական համայնքների հետ: Ընդ որում այս աշխատանքի մի մասը հանրային է, մի մասը` ոչ: Արձագանքներն, իհարկե, տարբեր են, բայց ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ շատ երկրներում և միջազգային հարթակներում մեզ հաջողվել է հասնել նրան, որ մարդիկ շատ լավ տեղեկացված են տեղի ունեցողի վերաբերյալ: Այսօր, ըստ էության, արդեն հաջողվել է միջազգային հանրությանը հասցնել այն ճշմարտությունները, որ պատերազմը սկսել է Ալիևի ռեժիմը, որ Թուրքիան է դրա հիմնական քաջալերողը և պատերազմի անմիջական մասնակիցը, որ այնտեղ օգտագործվում են վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից:

Արդյունքում, վերջին օրերին մենք տեսել ենք բազմաթիվ հայտարարություններ, կոչեր, ելույթներ ամենատարբեր հարթակներում. բավական է դիտել, օրինակ, Եվրախորհրդարանի նիստում հնչած ելույթները: Իհարկե, գրեթե բոլոր երկրների արտաքին քաղաքականությունն իրականացվում է Արտաքին գործերի նախարարությունների և գործադիր մարմնի ղեկավարների մակարդակով, բայց նրանց պատկերացումները խնդրի վերաբերյալ մեծապես ձևավորվում են իրենց խորհրդարանների ազդեցության ներքո, այնպես որ այս աշխատանքը ևս շատ կարևոր է: Բացի այդ, ինչպես ասացի, մենք աշխատում ենք նաև միջազգային լրագրողների և փորձագետների հետ, ովքեր ևս իրենց երկրներում զգալի ազդեցություն ունեն ինչպես հանրային կարծիքի, այնպես էլ գործադիր իշխանության ընտրած քաղաքական գծի վրա:

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, ինչպես տեսանք, ընդգծված հայանպաստ և արցախանպաստ հայտարարություններով են հանդես գալիս, սակայն այդ ամենը կարծես մնում է միայն հայտարարությունների մակարդակում, ինչո՞ւ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ն ավելի ռեալ քայլեր չի իրականացնում:

-Պետք է հասկանալ, որ ԵՄ-ն միջազգային կազմակերպություն է, որը կազմված է 27 տարբեր պետություններից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր շահերը և մոտեցումները: Այդ պետությունների մի մասը շատ հստակ դիրքորոշում է արտահայտում, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը: Կան նաև պետություններ, որոնք ավելի պասիվ են: Եմ շրջանակներում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչի արդյունքում այդ գործընթացը կարող է լինել բավականին երկար և ոչ միշտ է այն արդյունավետ: Բայց մենք շարունակում ենք աշխատել ԵՄ-ի հետ տարբեր մակարդակերում, և տարբեր ուղղություններով՝ սկսած ահաբեկչության վտանգից մինչև մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը: Կարող եմ ասել, որ այստեղ ևս տեղի է ունենում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերարժևորում: Մենք աշխատում ենք ԵՄ-ի հետ:

Պարոն Զոլյան, վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շատ է քննարկվում այն հանգամանքը, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման դեպքով ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում: Այս պատերազմում Թուրքիայի ներգրավման, Արցախի խաղաղ բնակավայրերը հրթիռակոծելու վերաբերյալ բավական փաստեր է ներկայացրել ոչ միայն հայկական կողմը, այլ տարբեր երկրներ, ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ Թուրքիան համարժեք պատասխան չի ստանում ԵՄ-ից:

-Կարծում եմ, ես արդեն պատասխանեցի ձեր հարցին: Ալիևի և Էրդողանի սանձազերծած պատերազմը չի կարող իր ազդեցությունը չունենալ ԵՄ դիրքորոշումների վրա ղարաբաղյան խնդրում: Ինչ վերաբերում է ԵՄ-ՌԴ հարաբերություններում առկա խնդիրներին, կարծում եմ, դրանք չպետք է ազդեն ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում նրանց դիրքորոշումների վրա, քանի որ այս հարցում ԵՄ և Ռուսաստանի շահերը համընկնում են. ոչ ոքի պետք չէ Հարավային Կովկասի վերածումը ահաբեկչության և անկայունության մի նոր օջախի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter