HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Մենք կանգնելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է ազատ և երջանիկ Արցախ»

18 օր է՝ շարունակվում է Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ, այսօր սակայն չափազանց կարևոր է հասկանալ այդ պատերազմի ծագման պատճառները: Հոկտեմբերի 14-ի իր ուղերձն այս խոսքերով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` դիմելով հանրությանը:

«Ղարաբաղի հարցի բանակցային հարցում Ադրբեջանը հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի առաջ սեփական իրավունքներից հրաժարվելու, հինգ շրջաններից հրաժարվելու պահանջ էր ներկայացրել և մյուս երկու շրջաններից հրաժարվելու ժամանակացույց: Եւ արձանագրել էր, որ Լեռնային Ղաարաբաղը որևէ կարգավիճակով պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մեր կառավարությունը  ժառանգություն ստացած բանակցային բազայից հրաժարվեց»,- ասաց Փաշինյանը` անընդունելի համարելով նման բանակցությունները:

Փաշինյանի խոսքով` Ադրբեջանը մերժել է Արցախի որևէ կարգավիճակի շուրջ քննարկումները` ընդգծելով, որ Արցախը պետք է ընդգրկվի Ադրբեջանի կազմում:

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` իր կառավարությունը բարեփոխումներ ու վերազինումներ է իրականացրել բանակում` փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար:

Փաշինյանը հիշեցրեց այս տարվա հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտերը` ընդգծելով, որ այդ մարտերն ապացուցել են` Ադրբեջանը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Ըստ Փաշինյանի` այս հանգամանքը ցնցող նշանակություն է ունեցել ոչ միայն Ադրբեջանի, այլև այլ երկրների և առաջին հերթին Թուրքիայի համար: Տավուշյան մարտերից անմիջապես հետո սկսվել են թուրք-ադրբեջանական աննախադեպ զորավարժությունները:

«Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ և սկսեց բացահայտ սպառնալ Հայաստանին»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ Թուրքիան Սիրիայից մեծաթիվ վարձկան ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան:

Փաշինյանը վստահեցրեց` թուրք-ադրբեջանական պատերազմը հայկական կողմի համար անակնկալ չի եղել, Պաշտպանության բանակն առաջին իսկ րոպեներից հաղթական մարտեր է մղել:

«Առաջին շաբաթվա ընթացքում հակառակորդը չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություն, և սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարումների և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Հայաստանն ու Արցախը, ըստ էության, շրջափակման պայմաններում»,-ասաց Փաշինյանը:

Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով` Ադրբեջանի ցանկությունը` բլից-կրիգի միջոցով գրավել Ղարաբաղը, տապալված է` բանակի, պահեստազորայինների և կամավորների նահատակվելու գնով:

«18 օրվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ ենք ունեցել, հակառակորդը փոխել է իր մարտավարությունը, դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ ստեղծել թիկունքում: ՊԲ-ն ծանր մարտերով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը` հակառակորդին մեծ կորուստներ հասցնելով, բայց բոլորս պետք է իմանանք` ստեղծվել է ծանր իրադրություն»,-ասաց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց` նման տեղեկություններ է հայտնում ոչ թե հուսահատ տրամադրություններ փոխանցելու համար, այլ այն նպատակով, որ հանրության հետ ճշմարտության լեզվով խոսելու պարտավորություն ունի:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործադրած ջանքերի համար:

«Առանձնահատուկ շնորհակալություն  եմ հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ ինտենսիվ կապ ենք պահպանել այս օրերին: ՌԴ-ն կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը: Եւ համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն»,-ասաց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց` Հայաստանը հավատարիմ է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման տրամաբանությանը և վերին աստիճանի կառուցողական է լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար: Սակայն ըստ Փաշինյանի այդ ջանքերը բավարար չեն եղել թուրք-արդբեջանական խմբավորմանը սանձելու համար:

Այս իրավիճակում հարցի լուծումը այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումն է և թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը:

«Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, և այն պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ: Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, մենք կանգնելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է ազատ և երջանիկ Արցախ,  ազատ և երջանիկ Հայաստան»,- եզրափակեց նա:

 

Հիշեցնենք, որ այսօր ուղերձով է հանդես եկել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter