HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 15-ից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն՝ հոկտեմբերի 15-ից։ Նախարարի գրառումը ամբողջությամբ՝ ստորև․

«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը, hաշվի առնելով` կորոնավիրուսային նոր հիվանդության` այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը,

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը: Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը:

Մեր պահանջն ու կոչն է, որ ռազմական դրության, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման մեծ թվերի պայմաններում խստագույնս պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դրանով հնարավոր դարձնելով դասերի վերսկսումը:

Առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:

Համապատասխան գրությունները այսօր կուղարկվեն ուսումնական հաստատություններին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter