HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱԹՍ դարձրած հին օդանավերն Ադրբեջանը որպես զենք է օգտագործում

Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմն Արցախի ու Հայաստանի դեմ առանձնանում է, մասնավորապես, կիրառվող զինտեխնիկայի քանակով ու տեսակներով: Գործի է դրվել Ադրբեջանի զինուժի ամբողջ արսենալը, որին միացել է թուրքական օդուժը:

Այս օրերին Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութեր, որտեղ տեսնում ենք մեր հակաօդայինների կողմից «Ան-2» ինքնաթիռների խոցում:

«Ան-2»-ը կամ բոլորին հայտնի «կուկուռուզնիկը» 1940-ականների վերջից շարք մտած խորհրդային արտադրության օդանավ է, որն օգտագործվում է տրանսպորտային, գյուղատնտեսական եւ այլ նպատակներով: Բայց ընթացիկ պատերազմում այս ինքնաթիռները որպես անօդաչու թռչող սարք են մտել մարտական գործողությունների գոտի, ինչը նորույթ է հայ-ադրբեջանական հակամարտությունում:

Համացանցում կարծիք է շրջանառվում, որ ադրբեջանական կողմը երկինք բարձրացնելով իրենց դարն ապրած, բավականին մեծ ծավալներ ունեցող եւ համեմատաբար ցածր թռչող ԱԹՍ-ները, դրանք որպես թիրախ է մատուցում հայ հակաօդայիններին, որոնք, խոցելով «Ան-2»-ները, բացահայտում են իրենց տեղը թշնամու հետախուզական կամ հարվածային դրոնների համար, ինչին էլ հաջորդում են հարվածներ հայկական ՀՕՊ միջոցների ուղղությամբ:

Այս տարբերակը տրամաբանական է թվում, բայց մյուս կողմից՝ ՊԲ-ն հայտարարել է նաեւ «Ան-2» ռմբակոծիչ ԱԹՍ-ների մասին, այլ կերպ ասած՝ թշնամու կողմից դրանք առնվազն նաեւ որպես հարվածային ուժ են օգտագործվում: Սա փաստվում է, մասնավորապես, սեպտեմբերի 29-ին ՊԲ-ի կողմից խոցված «Ան-2» անօդաչուի լուսանկարներով, որոնցում հստակ երեւում է դրա զինամթերք ավիառումբը (տես ստորեւ):

«Հետքն» «Ան-2»-ների դերի մասին հարցրել է նաեւ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին, ով նշել է, որ դրանք օգտագործվում են թե՛ որպես թիրախ, թե' որպես հարվածային ուժ: «Մենք սկզբից հավաստանշել էինք, որ դրանք օգտագործվում են, որպեսզի մեր ՀՕՊ համակարգերի տեղորոշումները մատնեն, որ այլ փոքր ԱԹՍ-ները հարված հասցնեն այդ ժամանակ, բայց եղել են դեպքեր, որ խոցվելուց հետո դրանք պայթել են շատ մեծ ուժգնությամբ՝ մարտական մասերով լիցքավորված, ինչը նշանակում է, որ փորձել են կիրառել նաեւ որպես հարվածային»,- հայտնել է Հովհաննիսյանը:

ՊԲ-ի լուսանկարներում կարող ենք տեսնել, որ այս ԱԹՍ-ի վրա օգտագործվում են տարբեր երկրներում արտադրված սարքավորումներ: 

«Ան-2»-ներն առաջին անգամ ԱԹՍ դարձրել է Չինաստանը, որը 1950-ականներից արտադրում է խորհրդային «Ան-2»-ի իր տարբերակը՝ «Y-5»-ը: Նկատենք, որ 1960-ականներից այս տիպի ինքնաթիռներ են թողարկվել նաեւ Լեհաստանում: Այդուհանդերձ, Չինաստանը միակն է, որ մինչ օրս արտադրում ու զարգացնում է «Ան-2»-ի հիմքի վրա ստեղծված մոդելները (Ռուսաստանում վերջին 10 տարիներին կատարվել են «Ան-2»-ի մոդեռնիզացման աշխատանքներ):

Այսպես՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին չինական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց երկրում կատարվել է «Y-5B» մոդելի հիմքի վրա պատրաստված «FH-98» ԱԹՍ-ի առաջին փորձնական թռիչքը: «Y-5B»-ն խորհրդային «Ան-2ՍԽ»-ի չինական տարբերակն է եւ նախատեսված է գյուղատնտեսական նպատակների համար: Իր հերթին «FH-98» անօդաչուն, ըստ չինական լրատվամիջոցների, ստեղծվել է բեռնափոխադրումների համար եւ աշխարհի ամենամեծ բեռնափոխադրող ԱԹՍ-ն է՝ առավելագույն թռիչքային քաշը 5,25 տոննա է (ներառում է ինքնաթիռի քաշը, վառելիքը, բեռը), որից 1,5 տոննան առավելագույն օգտակար բեռնվածության չափն է, այսինքն՝ հենց այդքան բեռ կարող է տեղափոխել այս ԱԹՍ-ն:

Նշվել է, որ «FH-98»-ի արագությունը 180 կմ/ժ է, իսկ թռիչքային բարձրությունը՝ 4500 մ: Ըստ չինական մեդիայի՝ «FH-98»-ը կարող է օգտակար լինել հեռավոր եւ լեռնային շրջաններ բեռ փոխադրելու եւ արտակարգ իրավիճակներում այդ վայրեր օգնություն հասցնելու համար:

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում մենք տեսանք, որ ԱԹՍ դարձած «Ան-2»-ը կարող է նաեւ օգտագործվել միանգամայն այլ՝ ագրեսիվ նպատակով: 

«FH-98»-ի հումանիտար օգտակարության մասին մեկնաբանությունների շարքում օգտատերերից մեկը վերջերս գրել էր, թե Ադրբեջանն այդ մասին այլ կարծիք ունի՝ նկատի ունենալով «Ան-2» դրոնի մարտական կիրառությունը:

Մեր հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից կիրառվող ԱԹՍ-ները չինական արտադրության թռչող ապարատներ են, Հովհաննիսյանը նշել է, թե չի կարող ասել, բայց ընդհանրապես վերջին շրջանում հին «Ան-2»-ները որպես ԱԹՍ կիրառվում են տարբեր տեղերում: 

Խորհրդային Միությունից Ադրբեջանը ժառանգել է «Ան-2»-ների մեծ ավիապարկ, որը հիմնականում բազավորվում է Եվլախի օդանավակայանում: Վերջինիս հեռավորությունը Արցախի հյուսիսարեւելյան Թալիշ գյուղից 44 կմ է: 

Այս տարվա օգոստոսի 7-ին արբանյակից արված նկարում կարող ենք հաշվել Եվլախում կայանված 62 հատ «Ան-2», իսկ օգոստոսի 26-ին օդանավակայանում կար 58 հատ ինքնաթիռ (տես ստորեւ):

Բնականաբար, չենք պնդում, թե սա «Ան-2»-ների ադրբեջանական ամբողջ պարկն է (այս տիպի օդանավեր կան նաեւ, օրինակ, Կասպից ծովի ափին գտնվող Սանղաչալ ավանի ավիաբազայում), բայց կարող ենք ասել, որ դրա հիմնական մասն է:

«Թվիթեր» սոցցանցում տարածված արբանյակային լուսանկարում տեսնում ենք, որ եթե օգոստոսին Եվլախում կար շուրջ 60 «Ան-2», ապա հոկտեմբերի 3-ին՝ պատերազմի ժամանակ, դրանց թիվը նույն օդանավակայանում 26 էր:

Հոկտեմբերի 14-ի առավոտվա դրությամբ հայկական կողմը խոցել է թշնամու 176 ԱԹՍ: Թե դրանցից քանիսն են եղել «Ան-2»-ի հիմքի վրա ստեղծված անօդաչուներ, դժվար է ասել, բայց հստակ է, որ հայ հակաօդայինների ջանքերով թշնամու այս ԱԹՍ-ների պարկը նոսրացել է: 

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Հետքի» հարցին, թե քանի «Ան-2» ԱԹՍ է խոցվել հայկական ուժերի ՀՕՊ համակարգերով, նշել է, թե քանի որ ԱԹՍ-ները, այդ թվում՝ «Ան-2»-ները, հիմնականում խոցվում են մինչեւ սահմանին մոտենալը, ինչպես նաեւ տարբեր բարձրության ու հեռավորության վրա, իրականում դժվար է իդենտիֆիկացնել դրանց կոնկրետ տեսակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter