HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքագետ. «Թուրքիայի ներգրավվածության դեմ ամենակարեւոր կանխարգելիչ ձեւը հայկական զինված ուժերն են»

Հարցազրույց թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ

-Պարոն Գեղամյան, ռուսական մամուլի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ։ Ենթադրելի է, որ խոսակցությունը եղել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի անմիջական մասնակցության եւ վարձկանների «արտահանման» մասին։ Լավրովի, այսպես ասած, ձախողումից հետո ի՞նչ կարող ենք ակնկալել Շոյգուի միջնորդությունից, որն, ի դեպ, հրապարակային չէ։

-Իհարկե, շատ դժվար է վստահ ենթադրություններ անել նույնիսկ հնարավոր սցենարների վերաբերյալ, քանի որ հարցը բազմաշերտ է եւ նույնիսկ չի ենթարկվում, այսպես ասած, մեկ կամ երկու ուժային կենտրոնի հարաբերության, այլ ավելի շատ ուժերի ներգրավվածություն է պահանջում: Անշուշտ, ռուսական կողմը՝ ի դեմս Շոյգուի, այս պարագայում փորձում է ոչ միայն այդ միջնորդական առաքելությունն իրականացնել, այլեւ, ըստ էության, գործ ունենք ռուսական ազդեցության գոտում հնարավոր վտանգավոր գործընթացների կասեցման քաղաքականության հետ:

Ինչպես կարելի է տեսնել, ոչ միայն Ռուսաստանը, այլեւ տարածաշրջանային այլ դերակատարներ անհանգստացած են այն հանգամանքով, որ տարածաշրջանում հայտնվել են վարձկաններ, որոնք տարածաշրջանը դարձնում են արեւելքի նման մթնոլորտ, հետեւաբար, Շոյգուի այսօրվա զրույցն առաջին հերթին կդիտարկեի որպես զգուշացում Թուրքիային՝ վարձկաններին, ջիհադիստներին Ադրբեջան տեղափոխելու հարցում զսպելու նպատակով:

-Որքան էլ Ալիեւը փորձի գաղտնի պահել իր զոհերի իրական թիվը, այդուհանդերձ, հնարավոր չէ հասարկությանն ամբողջությամբ վակուումի մեջ պահել։ Կարծես արդեն տեսնում ենք ներքին ընդվզման առաջին նշաններն Ադրբեջանում։ Ռազմական անհաջողություններն ու մեծաքանակ մարդկային եւ նյութական կորուստները կարո՞ղ են բերել այնպիսի ներքին հանրային ցնցման, որը կտապալի Ալիեւին գահից։

-Այս պահին՝ ոչ, դրա համար, անշուշտ, կան որոշակի դժգոհության ալիքներ, ինչին բազմիցս անդրադարձել եմ։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնությունն աջակցում է իշխանություններին, վերջիններիս ագրեսիային Արցախի եւ Հայաստանի դեմ։ Կարծում եմ՝ այս մասով պետք չէ որեւէ պատրանք ունենալ, այսինքն՝ ադրբեջանական հասարակության մեծ մասն Արցախն ընկալում է որպես յուրօրինակ խորհրդանիշ արդարության, խաղաղության եւ բարգավաճման, հետեւաբար, բուն հասարակության կողմից քննադատություն չկա, թե ինչու է սկսում պատերազմ։ Ուրիշ հարց է, որ քննադատություն կա իշխանությունների վերաբերյալ, թե ինչու են դանդաղում կամ իրենց խոստումները չեն կատարում, հատկապես՝ մեկ-երկու օրում չեն նվաճում ոչ միայն Արցախը, այլեւ ամբողջ Հայաստանը, ինչպես իրենք էին միշտ քարոզում։

Կան բողոքի ալիքներ, որոնք վերաբերում են զոհերի քանակին, նրանց հիշատակը որեւէ կերպ չհարգելուն, նույնիսկ հարցեր են բարձրացվում, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կորուստներ տեսած ընտանիքներին չի տրվել պատշաճ փոխհատուցում կամ ընդհանրապես չի տրվել։ Այսինքն՝ այնպիսի ալիքներ են, որոնք զսպվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից հնարավոր բոլոր ձեւերով, իսկ այն մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ նախաձեռնություններ իրականացնել, մեկուսացվում են։ Այդքանով հանդերձ, եթե այս պահին պատերազմը չի ապահովելու պետության կողմից խոստացվածը, ապա, անշուշտ, դա լրացուցիչ գլխացավանք կդառնա իշխանությունների համար։ Ասել, որ դա անմիջականորեն կարող է բերել իշխանությունների տապալման, ոչ, որովհետեւ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կրի ռազմական պարտություն։ Այս դեպքում կարելի է ակնկալել այդպիսի իրավիճակ։

Եվ վերջապես մի հանգամանք եւս պետք է նշել. Ադրբեջանում կան փոքրաթիվ մարգինալ խմբեր, որոնք հանդես են գալիս պատերազմի դեմ կոչերով, սական չունեն հասարակական լայն աջակցություն եւ երկրորդ՝ շատ արագ ճնշվում են իշխանությունների կողմից։

-Վերջերս անընդհատ խոսվում էր ադրբեջանաբնակ թալիշների, լեզգիների մասին, որոնք եւս ընդվզում են, ուզում են անկանխանալ։ Դա ինչքանո՞վ կարող է հող նախապատրաստել ներքին ցնցումների համար։

-Արդբեջանն իր բնույթով ավտորիտար հանրապետություն է, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են ոչ միայն ազգային, ավելի ճիշտ՝ տեղաբնիկ ժողովուրդներին, որոնք այսօր փոքրամասնություն են կազմում, այլեւ, այսպես կոչված, էթնիկ, կլանային տարբեր խմբերին, դրանց միջեւ հարաբերություններին եւ դրանով իշխանության կառուցման տեսլականին։ Քանի որ բավական տոտալիտար համակարգ է, դրա ներսի խոտանները, բացթողումները չենք տեսնում։ Երբ լինում է այսպիսի իրավիճակ, ինչպիսին պատերազմն է, ականտես ենք լինում, որ պատերազմի երկարելու եւ արտաքին խնդիրների պարագայում առաջանում են ներքին խնդիրներ, որոնցից մեկը տեղաբնիկ ժողովուրդների հարցերն են։ Այսօր արդեն դրա որոշ սաղմեր կան։

Մենք վստահ գիտենք, որ տեղաբնիկ ժողովուրդներից հատկապես թալիշներն ու լեզգիները փորձում են խուսափել զինծառայությունից։ Նրանց կոչով դիմել էր նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այս ամենը հաշվի առնելով՝ որոշակի սաղմեր կան, բայց այդ բոլոր խնդիրները, այդ թվում՝ տեղաբնիկ ժողովուրդներին վերաբերող, առավել ցայտուն կլինեն Ադրբեջանի ռազմական պարտության կամ պարտությունների դեպքում։ Միայն այս պարագայում կարող ենք լիարժեք խոսել, որ նույն տեղաբնիկ ժողովուրդները, այսպես կոչված, ազգային փոքրամասնությունները եւս հնարավորություն ունեն լիարժեք պայքար մղել իրենց անկախության նվաճման համար։

-Ըստ Ձեզ՝ Էրդողանը հաշվարկե՞լ է իր անելիքները, եթե Ալիեւը վատ դրության մեջ հայտնվի պատերազմի դաշտում պարտության եւ այդ ֆոնին սեփական հանրության ընդվզման հետեւանքով, թե՞ ամեն դեպքում Անկարան մինչեւ սեպտեմբերի 27-ը վստահ էր, որ անպայման հասնելու է իր նպատակին, եւ պլան «բ» չի մշակել։

-Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ակնհայտ է, որ գործ ունենք նախապատրաստված ծրագրի հետ, որի առաջնային տարբերակը, անշուշտ, տապալվել է։ Միայն դա կարող եմ ասել։ Նախատեսված արագ հարձակումն ու դրա շնորհիվ արագ ռազմական հաջողությունը չի ստացվել, բլիցկրիգը տապալվել է, հետեւաբար, այն, ինչ տեսնում ենք, ինքնին արդեն պլան «բ»-ն է, այսինքն՝ ոչ առաջնային ծրագիրը։ Հետեւաբար, այս առումով կարծում եմ, որ այստեղ դրա պատասխանը որոշակիորեն ունենք, բայց արդյոք հաշվարկել են ամբողջ ելքը, շատ դժվար է ասել։

Միանշանակ, փաստ է, որ կան թերհաշվարկներ։ Օրինակ, առիթ է եղել ասելու, որ սիրիացի վարձկանների ներգրավումն այդպիսի թերհաշվարկի արդյունք է՝ կարծելով, որ նրանց ներգրավումը լրացուցիչ ճնշող գործոն է լինելու հայկական կողմի վրա եւ բերելու է ճակատի տապալմանը, մինչդեռ տեսնում ենք ճիշտ հակառակը, ավելին՝ դա նաեւ քարոզչական տեսանկյունից Ադրբեջանին եւ Թուրքիային թիրախավորելու Արեւմուտքի կողմից հրաշալի պատրվակ է։ Սակայն դա չի նշանակում, որ ընդհանրապես հաշվարկ չի եղել, միանշանակ եղել է, եւ դատելով գործողություններից, որոնք մինչեւ հիմա շարունակվում են՝ կան աշխատանքի այլ տարբերակներ, որոնց տարբեր դրսեւորումներ տեսնում ենք նաեւ քարոզչական դաշտում։

-Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրամիությունը, կարծես սկսում են գիտակցել, թե ինչպիսի վտանգ է ներկայացնում ահաբեկիչների միջոցով աջ ու ձախ անկայունություն տարածող եւ կայսերապաշտական նկրտումներ ունեցող Թուրքիան։ Այդուհանդերձ, Անկարան վաղուց ցույց է տվել, որ առանձնապես չի ազդվում հայտարարություններից ու կոչերից։ Բայց թուրքական տնտեսությունն էլ այս կոնֆլիկտի պատճառով լավ օրեր չի ապրում։ Ի՞նչը կարող է իսկապես արդյունավետ ձեւով ազդել Էրդողանի ախորժակի վրա ու դրդել դուրս գալ մեր տարածաշրջանից։

-Չեմ կարծում, որ այդպիսի արտաքին ազդակ կա, որ կարող է ստիպել Թուրքիային հրաժարվել Հարավային Կովկասն իր առանցքային հետաքրքրությունների տարածքը համարելուց։ Ամենակարեւոր կանխարգելիչ ձեւը ստիպելու, որ նրանք առժամանակ փորձեր չձեռնարկեն, բնականաբար, հայկական զինված ուժերն են։ Վերջին օրերի ընթացքում դա ակնհայտ է դարձել բոլոր կողմերին, այդ թվում՝ կողքից դիտող ուժերին։ Թուրքիայի՝ այս տարածաշրջանում ներգրավվածությանը դեմ են այլ տարածաշրջանային խաղացողներ, մասնավորապես՝ Ռուսաստանն ու Իրանը։ Դա եւս կարող է զսպող միջոց լինել Թուրքիայի համար։ Բայց նորից արձանագրեմ՝ խոսքն ոչ թե այն մասին է, որ Թուրքիան ընդհանրապես կհրաժարվի այդ գաղափարից, այլ հայկական զինված ուժերը եւ տարածաշրջանային այլ խաղացողներ կարող են նրան ստիպել կասեցնելու նման փորձերը։

Առնվազն վերջին 100 տարին ցույց է տալիս, որ Թուրքիան հետաքրքրված է այս տարածաշրջանով եւ այստեղ ունի հստակ նպատակներ, որոնցից չի հրաժարվի այնքան, որքան այդ պետությունը լինի։ Եվ այստեղ մշտապես պետք է լինի հակազդեցություն առաջին հերթին հայկական զինված ուժերի միջոցով, որը հնարավորություն կտա կասեցնել այդ նկրտումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter