HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Զարեհ Սինանյան. «Այս օգնության կարևորությունը դժվար է թերագնահատել. մենք չգիտենք՝ որքան է տևելու պատերազմը»

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացում նշեց, որ ադրբեջանական ագրեսիայի սկզբնական պահից ի վեր սփյուռքում տեղի է ունեցել մոբիլիզացիա։ Արտերկրում գտնվողները, տեսնելով, թե ինչ վիճակ է Հայաստանում, լծվել են գործի մի քանի ուղղություններով։

Ըստ Սինանյանի՝ տարբեր երկրներից 700 տոննա հումանիտար օգնություն է  փոխանցվել Հայաստանին, 100 տոննա հումանիտար օգնություն սպասվում է, որը պետք է ուղարկվի ԱՄՆ-ից, սակայն Թուրքիան արգելել է օդային իր տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն փոխադրել, որի արդյունքում թռիչքը հետաձգվում է։ 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ որքան կոորդինացված աշխատանք կատարվի, այնքան ավելի լավ կլինի։ 

Ֆինանսկան օգնության վերաբերյալ Սինանյանն ասաց, որ հավաքված գումարի հիմնական մասն ուղարկվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին. մինչ օրս շուրջ 120 մլն դոլար գումար է հավաքվել, իսկ Տելեթոնի արդյունքները կամփոփվեն կիրակի։

«Այս օգնության կարևորությունը դժվար է թերագնահատել, որովհետեւ մենք չգիտենք` որքան է տևելու պատերազմը և հասկանում եք՝ ինչպիսի վնասվածքներ է կրել Հայաստանը, ենթակառուցվածքները, և ձեր օգնությունն ուղղակիորեն կապված է մեր ջանքերի հաջող ավարտի հետ», - նշեց Սինանյանը։

Անդրադառնալով սփյուռքից Հայաստան եկողներին՝ Սինանյանը նշեց, որ կան շատ բժիշկներ, որոնք գալիս են արտերկրից, և գրասենյակը քաջալերում է այդ հոսքը։ Դիմելով այն անձանց, որոնք պատրաստվում են գալ Հայաստան, Սինանյանն ասաց, որ կապ հաստատեն գրասենյակի հետ և տեղեկացնեն ժամանման մասին, որպեսզի կարողությունները հնարավորինս օպտիմալ օգտագործվի։

Զարեհ Սինանյանը կարևորեց աշխարհում հասարակական կարծիքի ձևավորման մեջ հայրենակիցների դերը, ինչպես նաև մեդիայի անդրադարձը, որն ամբողջությամբ կներկայացնի իրավիճակը։

Իսկ ԱՄՆ-ում և Եվրոպայում իրականացվող ցույցերը, նախաձեռնությունները ողջունելի համարեց՝ նշելով, որ դրանցով պետք է հասնեն երկու կարևորագույն նպատակի՝ Արցախի անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից և տարբեր պետությունների կողմից, ինչպես նաև թուրք-ադրբեջանական, ահաբեկչական խմբերի ագրեսիայի դատապարտմանը տարբեր պետութունների կողմից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter