HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հունաստանի քաղաքային խորհուրդները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ բանաձևեր են ընդունել 

Հունաստանի 5 քաղաքների քաղաքապետարանների խորհուրդները Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունները դատապարտող բանաձևեր են ընդունել։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուք էջից։

Բանաձեւեր են ընդունել Հունաստանի Սալոնիկ քաղաքի Նեապոլի-Սիկիեսի քաղաքապետարանի քաղաքային խորհրդը, Նեա Սմիրնայի քաղաքապետը և քաղաքային խորհուրդը, Սալոնիկ քաղաքի քաղաքային խորհուրդը, Կավալայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը, Վիրոնայի քաղաքային խորհուրդը։ Բանաձև է ընդունել նաև Հունաստանի քաղաքապետարանների կենտրոնական միության տնօրենների խորհուրդը։

Նեապոլի-Սիկիես քաղաքապետարանի քաղաքային խորհրդի բանաձևում ասված է, որ այս անգամ ադրբեջանական բանակի հարձակումները հատում են սահմանային գծերն ու այժմ թիրախավորում են բնակելի քաղաքներն ու գյուղերը, դպրոցներն ու խաղաղ բնակչությունը: Քաղաքային խորհրդում համոզված են, որ օգտագործելով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը, ադրբեջանցիների հետ բարեկամական և դաշնային կապերը, ինչպես նաև Հայաստանը թուլացնելու և ապակայունացնելու ջանքերը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  բորբոքեց հակամարտությունը՝ դեմ արտահայտվելով միջազգային հանրության ցանկությանը:

«Մենք դատապարտում ենք ադրբեջանական և թուրքական ուժերի հարձակումը խաղաղ բնակչության վրա, ինչպես նաև պանթուրքիստական մոլեռանդությունը, որը Նեա Սմիրնա քաղաքի բնակիչները` Փոքր Ասիայի ժողովուրդը, պոնտոսցիները, հայերը առավելագույնս զգացել ենք մեր մաշկի վրա»,- ասված է Նեա Սմիրնայի քաղաքապետի և քաղաքային խորհրդի բանաձևում։

Հունաստանի մեծությամբ երրոդ քաղաքի՝ Սալոնիկի քաղաքային խորհուրդն էլ բանաձև ընդունելով՝ դատապարտել է Ադրբեջանի անառարկելի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` հայ ժողովրդի դեմ։ Քաղաքային խորհուրդը դիմել է երկրի կառավարությանը․ «Որպես Սալոնիկի քաղաքապետարան ու քաղաքային խորհուրդ կոչ ենք անում Հունաստանի կառավարությանը, Եվրոպական Միությանն ու միջազգային հանրությանը ստանձնել ցանկացած նախաձեռնություն` քաղաքական և դիվանագիտական մակարդակներով, դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի տարածք Ադրբեջանի անընդունելի ռազմական ներխուժումը»։

Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Թուրքիայի մասնակցությունն էլ դատապարտում է Կավալայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը։ «Մենք դատապարտում ենք թուրք-ադրբեջանական ուժերի ագրեսիան խաղաղ բնակչության դեմ: Մենք դատապարտում ենք Թուրքիայի կեցվածքը, որը շտապեց միանգամից ներգրավվել հակամարտության մեջ»,- ասված է Կավալայի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի բանաձևում։

Վերոնայի քաղաքային խորհուրդն էլ  դատապարտում է Ադրբեջանի կառավարությանը, որն «առաջինն է սկսել անօրինական գործողությունները» և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ երկխոսության սեղան` հարցի խաղաղ կարգավորման գործընթացին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Մենք նաև դատապարտում ենք Էրդողանի կառավարությանը, որը շտապել է ներգրավվել հակամարտության մեջ՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ իր կրոնական պատկանելությունն ու վերստին հաստատելով, որ ողջ տարածաշրջանի համար ապակայունացնող գործոն է»,- ասված է բանաձևում։

Հոկտեմբերի 12-ին էլ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն էր Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկել։ Նա հայտնել է, որ հոկտեմերի 12-ին հնարավորություն է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի իր գործընկերներին տեղեկացնել Թուրքիայի նոր ապօրինի գործողությունների մասին:

 

«Բացատրեցի նաև ակնհայտը` թե ով է տարածաշրջանում բոլոր խնդրահարույց իրավիճակների հրահրողը` Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Միջերկրական ծովի հարավ-արևելքում: Այդ բոլորի հրահրողը Թուրքիան է: Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարող գործոն: Ընդդեմ միջազգային իրավունքի, ընդդեմ Եվրոպական խորհրդի եզրակացությունների», ասել է Նիկոս Դենդիասը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter