Պատերազմական հանցագործությունների փաստերով երկու տասնյակից ավելի քրեական գործ է հարուցվել
«Մենք գործ ունենք մի պետության հետ, որը պատասխանատու չէ իր միջազգային պարտավորությունների հանդեպ, բայց փորձում է երաշխիքներ տալ Ղարաբաղի բնակչությանը»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
Վարչապետի խորհրդականի խոսքով՝ հակամարտության ընթացքում միշտ Ադրբեջանն է դիմել զինադադար հաստատելու համար և հետո կոպիտ կերպով խախտել է զինադադարը։ «Պատճառաբանությունն այն է, որ իրենք հոգնել են սպասել։ Նրանք հաշվի չեն առնում, որ իրենց վրա միջազգային պարտավորություններ են վերցրել»,- դիտարկեց Վաղարշակ Հարությունյանը։
Վերջինս նշեց, որ ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել, իբր թե սեպտեմբերի 27-ին սանձազերծած ագրեսիայում չկա Թուրքիայի մասնակցությունը, որ հակամարտության գոտում չկան վարձկաններ, չեն թիրախավորվում հայկական եկեղեցիներն ու քաղաքացիական օբյեկտները։ Ու թեեւ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հերքում են ռազմական գործողություններին վարձկանների մասնակցության հանգամանքը, դա փաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։
Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանը դեռ 1992-1994 թվականների Արցախյան պատերացմի ժամանակ է սկսել վարձկանների հետ համագործակցությունը։
Հարությունյանը ներկայացրեց մի փաստաթուղթ, որն, ըստ նրա, ստորագրել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Համաձայն այդ փաստաթղթի՝ 520 վարձկան ներգրավվում է Ադրբեջանի զորամաս ու մասնակցում մարտական գործողություներին։ Հարությունյանը նաև ներկայացրեց մի հրաման, համաձայն որի՝ Ադրբեջանի պահեստազորից զորակոչվել է վարձկանների լեզվին տիրապետող 15 սպա։
«Սա խոսում է այն մասին, որ տեռորիսների հետ համագործակցության ճանապարհը Ադրբեջանը դեռ 1992 թվականին է բացել, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի պետություների համար, և դրա մասին հայտարարել են նաև Իրանն ու Ռուստաստանը»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը։
18 օրվա մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 180 օդային հարձակման միջոց է խոցվել
Հայաստանի Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը նշեց, որ ասուլիսի մեկնարկից րոպեներ առաջ իրենք տեղեկություն են ստացել, որ հակառակորդի Սու-25 տեսակի հերթական ինքնաթիռն է խոցվել։
18 օրվա մարտական գործողությունների արդյունքում, ըստ Գարիկ Մովսեսյանի, հակառակորդի 180 օդային հարձակման միջոց է խոցվել, որոնց թվում՝ 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, իսկ մնացածը տարբեր բնույթի անօդաչու թռչող սարքեր են։
Մովսեսյանն ասաց, որ թեև Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն ամեն կերպ փորձում է հերքել թուրքական F-16 ինքնաթիռների մասնակցությունը մարտական գործողություներին՝ հայկական կողմը դրանց մասնակցության վերաբերյալ բազմաթիվ փաստեր ունի։
Ըստ Մովսեսյանի՝ թուրքական F-16-երը Ադրբեջանում են հայտնվել դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական զորավարժությունների նախօրեին։ Դրանք ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ անցկացման ընթացքում ակտիվ գործողություններ, ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Մարտակերտ, Գյանջա-Քարվաճառ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները։
Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռներն, ըստ Մովսեսյանի, չեն վերադարձել Թուրքիա, մնացել են Գյանջա օդակայանում։ Հետագայում՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել է նշված F-16 ինքնաթիռների, դրանց անձնակազմերի և տեխնիկական կազմի հերթափոխ։ Ըստ Մովսեսյանի՝ ինքնաթիռների վերաթռիչքը Թուրքիայի տարածքից Ադրբեջան իրականացվել է Վրաստանի օդային տարածքով։
«Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին հերթափոխ կատարած ինքնաթիռները Գյանջայից թռիչք են իրականացրել Վրաստանի տարածքով և տեղակայվել իրենց հիմնական բազավորման օդակայանում»,- ասաց Մովսեսյանը։ Ապա հավելեց, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակողական գործողությունների սկզբից ևեթ Թուրքիայի F-16 ինքնաթիռներն ակտիվորեն ներգրավված են եղել օդից խնդիրների կատարմանը, այսինքն՝ Հայաստանի և Արցախի տարածքների և օբյեկտների ռմբակոծմանն ու հրթիռակոծմանը, որոնց վերաբերյալ առկա են մի շարք փաստեր։
ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալը նշեց, որ սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ՝ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում, Թուրքիայի երկու ինքնաթիռներ խախտել են ՀՀ օդային սահմանը 6 կմ խորությամբ։
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:16-ի սահմաններում Մինգեչաուրի ջրամբարի շրջանում հերթապահություն իրականացնող F-16 ինքնաթիռի զույգը, հայտնաբերելով Հայաստանի Հանրապետության խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի Սու-25 ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման և սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա արձակված հրթիռով խոցել է հայկական Սու-25 ինքնաթիռը։
Դրանից հետո, ըստ Մովսեսյանի, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարություններով է հանդես եկել, որ Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի և մարտական գործողություններին ներգրավում է նաև իր ավիացիան, որից հետո՝ հոկտեմբերի 3-ին, ըստ Մովսեսյանի, հետագա գործողությունները թաքցնելու նպատակով Գյանջա օդակայանից իրականացվել է F-16 ինքնաթիռների վերահենակալում Գաբալա օդակայան։
Ըստ Մովսեսյանի՝ Թուրքիան փոխել է մարտավարությունն ու սկսել գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիայի հետ համատեղ` հետևյալ կերպ. 2 կամ 4 ինքնաթիռ՝ զույգերով Գաբալա օդանավակայանից օդ են բարձրանում, զբաղեցնում օդում հերթապահության դիրք Մինգեչաուրի ջրամբարի վրա, որից որոշ ժամանակ անց օդ են բարձրանում նաև հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման, հետախուզման և ուղղորդման ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը Թուրքիայի տարածքում՝ Արարատ լեռան վրա, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում։ Դրանից որոշ ժամանակ անց էլ օդ են բարձրանում Ադրբեջանի ռազմաօդային Սու-25 գրոհային ինքնաթիռները, ուղղություն վերցնում դեպի Մինգեչաուրի ջրամբարի շրջան, որտեղից հարավ երկու խմբերը միանում են իրար, տեղում կատարում 2-3 պտույտ, որից հետո ժամանած խմբից մեկ կամ երկու զույգ առանձնանում է, զբաղեցնում F-16-երի հերթապահության գոտին, իսկ ժամանած ինքնաթիռները ժամանած խմբի հետ հարված են հասցնում Մարտակերտի բնակավայրերին։ Խնդիրը կատարելուց հետո ինքնաթիռները վերադառնում են իրենց հերթապահության գոտի, իսկ հարվածային ինքնաթիռները՝ հենակայման օդակայան։
Ընդհանուր առմամբ վերլուծելով F-16 ինքնաթիռների 18 օրվա մարտական գործողությունները՝ Գարիկ Մովսեսյանը եզրահանգում արեց, որ դրանք Ադրբեջանի տարածքում կատարում են հետևյալ կարևորագույնն խնդիրները՝ համակարգում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, նրանց կողմից Հայաստանի եւ Արցախի տարածքներին հրթիռային և ռմբային հարվածներ հասցնելու ընթացքում աջակցություն ցույց տալիս, ինչպես նաև պատսպարում գործողությունները։
Ըստ Գարիկ Մովսեսյանի՝ Ադրբեջանի զինանոցում կան ինչպես իսրայելական, այնպես էլ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Թուրքական անօդաչուները հիմնականում «Բայրաքթար» տեսակի են, որոնք կարող են մինչև 12 հազ. մետր բարձրությունում թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և ուղղորդել կրակային միջոցները։
Մովսեսյանը սուտ որակեց, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքներին հարվածներ չի հասցրել, նշեց, որ առաջին իսկ օրվանից հրթիռային հարվածներ են հասցվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, ինչպես նաև հետագայում ՝ Սյունիքի մարզի ուղղությամբ, և այդ գործողություների հետևանքով ՀՀ-ում կան զոհեր և վիրավորներ։
«Պետք է նշել նաև, որ հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապան քաղաքի օդային պաշտպանություն իրականացնող ՀՕՊ ստորաբաժանումների վրա, որոնց հետեւանքով ունենք անձնակազմի կորուստ, ինչպես նաև՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում»,- ասաց Գարիկ Մովսեսյանը։
Երկու տասնյակից ավելի քրեական գործ է հարուցվել
Հայաստանի զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում 2 տասնյակից ավելի քրեական գործ է հարուցվել Հայաստանի Հանրապետությունում։
«Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմը և դրա ընթացքում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունների կատարումը փաստագրված և հաստատված հանգամանք է ՀՀ իրավապահ մարմիների կողմից՝ մի շարք քրեական գործերով կատարվող նախաքննությամբ։
Հարկ է փաստել, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ վարելը սկսվել է դեռևս 2020 թվականի հուլիս ամսին, որը շարունակվում է մինչ օրս»,- ասաց Հայկ Հարությունյանը։ Վերջինս նշեց, որ այս ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով Հայաստանի տարածքում սպանվել է 1 քաղաքացի, մարմնական վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, ինչպես նաև սպանվել է 5 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել 11 զինծառայող, որոնք ռազմական գործողություներին ոչ մի կերպ ներգրաված չեն եղել։
Հարությունյանը նշեց, որ հակառակորդի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ, կանխամտածված և նպատակաուղղված ձևով ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձել խորը թիկունքում գտնվող բնակավայրեր, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի գյուղերից մեկը, Վարդենիս քաղաքի որոշ հատվածներ։ Հայաստանի տարածք անօդաչու թռչող սարքերի ապօրինի ներթափանցած արդյունքում հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր, թիրախավորվում են շինություններ, կապի, տրանսպորտի և այլ միջոցներ, որտեղ տեղակայված են զինվորական կայաններ։
«Արդեն այս փաստերը հաստատված են և տարբեր քրեական գործերով իրականացվող նախաքննությամբ իրականացվում են համապատասխան միջոցառումներ դրանց քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին հետամուտ լինելու նպատակով»,- ասաց Հայկ Հարությունյանը։ Վերջինս նշեց, որ դատախազությունն ակտիվ համագործակցում է օտարերկրյա պետությունների, մասնավորապես՝ ՌԴ դատախազության, Իրանի գործընկերների հետ։ Արդեն իսկ վերջիններիս փոխանցել են այնպիսի փաստեր, որոնք հաստատում են մարտական գործողություններին վարձկանների մասնակցությունը, աշխատանքներ են տարվում վարձկաններին հայտնաբերելու, նրանց ներթափանցումը կանխարգելելու, անձը պարզելու և հետագա համապաատասխան միջցառումներ իրականացնելու ուղղությամբ։
Լուսանկարում՝ Վահե Հարությունյանը
Մեկնաբանել