
«Պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ». առողջապահության նախարարությունը մտահոգված է COVID-19-ի աճով
«Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ համաճարակային իրավիճակը վատթարացել է։ Դեպքերի թիվը կտրուկ աճել է, վերջին 14 օրվա ընթացքում՝ կրկնապատկվել»,- այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Ըստ նրա՝ հոկտեմբերի 14-15-ի ընթացքում գրանցվել են կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թվեր, վիճակը դեռեւս ծանր է։ Գայանե Սահակյանը պնդում է ՝ համաճարակային իրավիճակի սրումը պայմանավորված է անվտանգության կանոնների չպահպանմամբ եւ բնակչության զգոնության թուլացմամբ։ «Ռազմական դրության պայմաններում, իհարկե, «նպաստավոր պայմաններ» ստեղծվեցին նաեւ բնակչության տեղաշարժով, մեծաթիվ կուտակումներով, սերտ շփումներով, հանրային տրանսպորտի սղությամբ եւ լեփ-լեցուն փոխադրումներով»,- նշեց ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալը։
Առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսային վարակի դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։ Դրանցից մեկը կրթական հաստատություններում արձակուրդի սահմանումն է։
Գայանե Սահակյանի խոսքով՝ մյուս միջոցառումը հեռավար աշխատանքին անցնելն է՝ կախված դրա բնույթից։
Նրա գնահատմամբ, իրավիճակը կարող է ավելի վատանալ՝ պայմանավորված սուր-շնչառական վարակների եւ գրիպի սեզոնային աշխուժացմամբ։ Սակայն առողջապահության նախարարությունը սուր-շնչառական վարակների համար բավարար քանակի պատվաստանյութ է ձեռք բերել։
«Պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, մեր վարքագծով կարող ենք վտանգել մեզ, մեր մերձավորներներին, այդ է պատճառը, որ բոլոր բժիշկները ուղղում են իրենց ջանքերը վիրավոր զինվորների առողջության ամրապնդմանը։ Կարող ենք ներդրում ունենալ մեր բանակի ամուր ճակատի համար եւ առողջ թիկունքի համար»,- նշեց Սահակյանը։
Մեկնաբանել