HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վեց ամսով արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է ժամանակավորապես արգելել  թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։ Արգելվող ապրանքների ցանկը լայն է՝ սնունդից, կենցաղային իրերից սկսած մինչև հագուստ (ապրանքացանկը կարող եք տեսնել նախագծի ներքևում գտնվող հավելվածում):

Այս առաջարկի համար հիմք է հանդիսացել արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրիքայի ակնհայտ ներգրավվածությունը։ Վերջինը ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին։

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն:

«Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Սեպտեմբերի 27-ից, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ, հայ հասարակության շրջանում արդեն իսկ ակցիաներ են տեղի ունենում՝ բոյկոտելով թուրքական ապրանքները։ Մի քանի սուպերմարկետներ արդեն իսկ հայտարարել են, որ հրաժարվում են վաճառել թուրքական ծագման որևէ ապրանք։ 

Նմանատիպ ակցիաներ Հայաստանում տեղի են ունեցել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո։ Առհասարակ, թուրքական ապրանքներից հրաժարվելու կոչեր պարբերաբար հնչում են։ Սակայն, երբևէ այս պահանջը չի ձևավորվել Կառավարության որևէ կառույցի նախագծի տեսքով։

Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ  տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Թուրքիայի հետ առևտրային հարաբերություններում Հայաստանը գլխավորապես ներմուծողի դերում է, արտահանումը շատ թույլ է:

2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268  մլն ԱՄՆ դոլար։ Մաքսային ծառայության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ավելի քան 700 անուն ապրանք է ներմուծում Թուրքիայից: Ընդ որում՝ այս ներմուծումը բավականին դիվերսիֆիկացված է:

Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ հագուստ, ցիտրուսային պտուղներ, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան), նավթ և նավթամթերք, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:

Հայաստանի արտահանման կազմում Թուրքիայի տեսակարար կշիռը 2019 թվականի տվյալներով 0.1 % է, իսկ ներմուծման կազմում՝ 4.9 %:

Միևնույն ժամանակ, համադրելով Թուրքիայի պաշտոնական վիճակագրության տվյալները՝ տեսնում ենք, որ վերջին տարիներին Թուրքիայի արտահանման կազմում Հայաստանի տեսակարար կշիռը 0.1-0.15 %-ի շրջանակներում է եղել։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների՝ 2019 թվականին Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ. խոսքը տարատեսակ արտադրությունների համար ներմուծվող հումքի մասին է։

Նախագծի հիմնավորման մեջ նաև շեշտված է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը չի հակասում ԵԱՏՄ-ում մեր ունեցած պարտավորություններին: Միայն թե՝ օրենքը հնարավորություն է տալիս 6 ամսով արգելք սահմանել։

Մասնավորապես, համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր) առկա դրույթների՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։

Նշենք, որ այս գաղափարը դեռևս նախագծի տեսքով է։ Այն պետք է ներկայացվի Կառավարության և Ազգային ժողովի դատին։ Ընդունվելու պարագայում թուրքական ծագման ապրանքների արգելքը ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և կգործի վեց ամիս ժամկետով: Չի բացառվում, որ վեց ամիս անց ևս արգելքը երկարաձգվի։ 

Մեկնաբանություններ (3)

Արևիկ Մարգարյան
Բայց ինչու՞ վեց ամսով Ընդմիշտ
Գոհար
Ես և ինձ նման շատերը կողմ են այս նախաձեռնությանը, սա պետք էր վաղուց նախաձեռնել։ Երբեք էլ ուրախությամբ չենք գնել, բայց շատ տեղերում ընտրության հնարավորությունն էլ առանձնապես մեծ չէ, բայց թող որ սա չշարունակի առիթից օգտվողների թռիչքային հարստացման ևս մեկ օրինակ։ Եկեք ջուր չավելացնենք թշնամու ջրաղացին, բայց էնպես էլ չլինի, որ մեր ջրաղացն էլ ցամաքի։
Մերի
ի՞՞՞՞՞՞՞՞իիինչ 6 ամիս,,չեմ հասկանում,ինքնասիրություն,արժանապատվություն վերջիվերջո վրեժի զգացողություն ընդհանրապե՞ս չունեք դուք,թուևք տականքին ե՞ք հարստացնում 6 ամիս հետո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter