
Հաց՝ կրակի տակ. մայր ու դուստր օրական 300 թուռնավ են թխում Ստեփանակերտի բնակչության համար
Ստեփանակերտում գործող հացի փռում ամեն առավոտ հերթ է գոյանում տաք հացի համար։ Մայր ու դուստր՝ Նինան ու Մարինեն, քանակ են սահմանել՝ յուրաքանչյուրին երեք հացից ավելի չեն վաճառում։ Փռում նրանց օգնում է Սանյան։ Ամբողջ աշխատանքը երեքով են կատարում։ Նինան, Մարինան ու Սանյան միայն մի տեսակի հաց են թխում, որն Արցախում թուռնավ (թոնրի) են անվանում։
«Օրական 300 հաց ենք թխում։ Մեր ուժն այդքան է հերիքում։ Մարդիկ շատ վախտ չեն հասկանում, թե ինչու երեք հացից ավել չենք վաճառում։ Ցանկանում ենք, որ բոլորին հերիքի»,- ասում է Մարինեն։
Մայր ու դուստր իրենց թխած հացը վաճառում են նույն գնով, ինչ պատերազմից առաջ։ Փուռը նրանց ընտանեկան բիզնեսն է։
Պատերազմի ավարտին նրանք անհամբերությամբ են սպասում։ Մարինեն վստահ է՝ հաղթելու ենք։ «Ամենակարևորը՝ չեմ վախենում։ Գտել եմ, որ այստեղ ավելի լավ է»,- եզրափակում է նա։
Նինան ասում է, որ ինքն էլ է պատերազմի մեջ. «Իմ զենքը տեփն է։ Հաշվում եմ, որ իմ ավտոմատն է։ Ամսի 27-ից զինվորների հետ կռիվ եմ անում։ Չեմ գնացել, որովհետև այստեղ ունեմ երեխաներ, փեսա։ Ես առանց իմ տղայի ոչ մի տեղ չեմ գնալու։ Հույս ունեմ՝ լավ է լինելու»։
Հարցազրույցի ամբողջ ընթացքում լուռ էր Սանյան։ Նա արցախյան առաջին պատերազմի մասնակից է։
Մեկնաբանել